Ավստրալիայի ոստիկանությունը պատմության մեջ ամենախոշոր կոկաինի խմբաքանակն է առգրավել
Ավստրալիայի իրավապահները Սիդնեյի արևմտյան մասում գտնվող ստորգետնյա բունկերից հայտնաբերել են 2,7 տոննա կոկաին, ինչը երկրի պատմության ընթացքում նմանատիպ ամենամեծ գործողությունն է:
Սև շուկայում մոտավորապես 816 միլիոն ավստրալիական դոլար (500 միլիոն եվրո) արժողությամբ թմրամիջոցը հայտնաբերվել է նախորդ ուրբաթ օրը՝ Լոնդոնդերիի առանձնատներից մեկի տարածքում տեղադրված երեք բեռնարկղերի կեղծ հատակի տակ գտնվող թաքստոցներում:
Դեպքի վայրում ոստիկանները ձերբակալել են երկու երիտասարդի՝ 21 և 25 տարեկան, որոնք ակնհայտորեն փորձել են ճողոպրել իրավապահներից: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սահմանն անօրինական կերպով հատած և հսկվող թմրանյութերի՝ առանձնապես խոշոր չափերով իրացման փաստով:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ կոկաինի այս խմբաքանակը Ավստրալիա է հասցվել կազմակերպված հանցավոր խմբավորման պատվերով՝ Քվինսլենդի հյուսիսային հատվածում գտնվող Միջ Փոյնթ փոքրիկ քաղաքի միջոցով:
Շաբաթ օրը տեղի ունեցած դատական նիստի արդյունքում կալանավորված երկու տղամարդկանց, մեղքն ապացուցվելու պարագայում, սպառնում է ցմահ ազատազրկում:
Ոստիկանության պարզաբանմամբ՝ Լոնդոնդերիի առանձնատանը կատարված խուզարկությունն իրականացվել է «Մինցզյան» գործողության շրջանակներում: Այս գործողության մեկնարկը տրվել էր դեռևս մայիսին, երբ Միջ Փոյնթի նավամատույցի մոտակա ջրերում նկատվել էր նաև լողացող 40 կգ կոկաին:
Իրավապահները նաև հայտնել են, որ այս բացահայտմանը հաջորդած հետաքննության ընթացքում անցած շաբաթ Քվինսլենդ և Նոր Հարավային Ուելս նահանգներում ձերբակալվել ու մեղադրանք է առաջադրվել ևս վեց անձի:
Բացի այդ, Սողոմոնյան կղզիներում արգելանքի է վերցվել այն ենթադրյալ «մայր նավը», որը կասկածվում է տվյալ մաքսանենգության գործողությանը ներգրավված լինելու մեջ: