Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը։
Համաշխարհային պառլամենտարիզմի պատմության ընթացքում չի արձանագրվել այնպիսի դեպք, երբ ընդդիմադիրները չներկայանան աշխատանքի և փախչեն դրանից: Բազմաթիվ օրինակներ են եղել, երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտի շրջանակներում չի մասնակցել որևէ նիստի, մեկ կամ երկու նիստի, նույնիսկ մի քանի տարի շարունակ մի քանի նիստերի: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունների բացակայության մասին:
Նա նշեց. «Հայաստանի պատմության մեջ էլ է եղել՝ «Արդարություն» դաշինք կար՝ 2003 թվականին ընտրված, այդ մարդիկ քաղաքական բոյկոտ էին հայտարարել: Կամ, թեկուզ, մեր դեպքում 2021-2022 թվականներին՝ մեր ընդդիմությունը բոյկոտ հայտարեց, չէին գալիս, և մենք չէինք ասում այդ ժամանակ, որ գործից փախել են, որովհետև քաղաքական բոյկոտ է, ակտ է: Հիմա մարդ չի հասկանում՝ այս մարդիկ ո՞ւր են, չեն հայտարարել, որ չեն գալու, ուղղակի չեն եկել, չեն գալիս գործի այս մարդիկ: Կարծում եմ՝ մեր հանրությունը չպիտի դրան հանգիստ վերաբերվի: Մենք էլ շատ հաճախ չենք ասում, որովհետև մեզ հաճելի է իրենց բացակայությունը: Ո՞ւմ է հաճելի նայել կոռուպցիոներների և կոռուպցիոներների պաշտպանների դեմքերին: Բայց սա պրոբլեմ է: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի մանդատը և գա ԱԺ: Շատ եմ ուզում և վստահ եմ, որ իմ պես բազմաթիվ մարդիկ 2008-ի մարտի 1-ի երեկոյան կամ մարտի 2-ի առավոտյան երազել են ունենալ հնարավորություն՝ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու առանց թիկնապահների և առանց ոստիկանության: Եվ ես ու դուք, պարոն Ալեքսանյան, կարծում եմ, այդ հնարավորությունը շատ շուտով կստանանք: Կարծում եմ՝ շատ-շատ հետաքրքիր պահեր են սպասվում ԱԺ-ում, սպասում ենք, պարո՛ն Քոչարյան»: