Քոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան
Հանրայինի եթերում տված հարցազրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթից։
Կոստանդյանի խոսքով՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է դեռ ապրիլին, իսկ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024 թվականի հունվարից։
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը ոչ թե օգոստոսի 25-ին է եղել, նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է եղել»,- ասել է Կոստանդյանը։
Նրա ներկայացմամբ՝ ապրիլին Քոչարյանը մեղադրյալ է ներգրավվել մեկ դրվագով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Հետագայում քննության ընթացքում նոր տվյալներ են ի հայտ եկել նաև այլ դրվագների վերաբերյալ, ինչից հետո մեղադրանքը փոփոխվել է, և քննիչը դիմել է դատարան՝ Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։
Կոստանդյանը հայտնել է, որ խոսքը մեծածավալ և բազմադրվագ վարույթի մասին է։ Քննությունը, մասնավորապես, առնչվում է մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, ինչպես նաև միլիարդավոր դրամների փոխանցումներին և փոխառություններին։
Գործի շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ են ուղարկվել շուրջ 20 երկիր։ Կոստանդյանի խոսքով՝ արտերկրից անհրաժեշտ տեղեկությունների ստացումը տևական ժամանակ է պահանջել, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվել են լրացուցիչ քննչական և ստուգողական գործողություններ։
Այս պահին վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված 10 անձի նկատմամբ։ Միաժամանակ կան դրվագներ, որոնց վերաբերյալ վերջնական իրավական գնահատական դեռ չի տրվել, և նախաքննությունը շարունակվում է։
Կոստանդյանը նշել է նաև, որ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե ստանալու պահին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս մեկ անձի նկատմամբ արդեն քրեական հետապնդում էր հարուցված։ Այդ մասով քննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Նրա խոսքով՝ առանձին դրվագներով դատարան են ուղարկվել նաև այլ գործեր։
Քրեական վարույթի ծավալի մասին խոսելով՝ Կոստանդյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված քննչական խմբում ընդգրկված է 60 քննիչ։
«Ներկա պահին 60 քննիչ է ներգրավված քննչական խմբի կազմում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով քննչական խումբ է ստեղծվել, ներգրավել են այդքան քննիչներ և բոլորը ներգրավված են քրեական վարույթի քննությանը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք է կիրառվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...