Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստվում է 600.000 մարդու մոբիլիզացնել. Ուկրաինական հետախուզություն

Ռուսաստանը պատրաստվում է 600.000 մարդու մոբիլիզացնել. Ուկրաինական հետախուզություն
Ուկրաինական հետախուզություն․ Ռուսաստանը 2026-2027 թվականներին ծրագրում է մոբիլիզացնել 600 հազար մարդու Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններից հետո կարող են մոբիլիզացիայի…

Ուկրաինական հետախուզություն․ Ռուսաստանը 2026-2027 թվականներին ծրագրում է մոբիլիզացնել 600 հազար մարդու



Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի սեպտեմբերյան ընտրություններից հետո կարող են մոբիլիզացիայի նոր փուլ սկսել։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը։



Ուկրաինական կողմի տվյալներով՝ Մոսկվան նախատեսում է 2026 և 2027 թվականներին ընդհանուր առմամբ բանակ ներգրավել 600 հազար մարդու՝ 300 հազար այս տարի և ևս 300 հազար՝ հաջորդ տարի։



Կիևում կարծում են, որ հնարավոր նոր մոբիլիզացիայի պատճառներն են ռազմաճակատում կորուստները, ռազմական նախաձեռնության թուլացումը և Ռուսաստանի շրջաններում պայմանագրային զինծառայողների հավաքագրման տեմպերի նվազումը։



Ուկրաինական հետախուզության գնահատմամբ՝ 2026 թվականի առաջին կեսին Ռուսաստանը կորցրել է շուրջ 240 հազար զինծառայող, որոնցից 140 հազարը զոհվել կամ այնպիսի վիրավորում են ստացել, որ այլևս չեն կարող վերադառնալ ծառայության։ Նույն ժամանակահատվածում, ըստ ուկրաինական կողմի, պայմանագրային հիմունքներով ռուսական բանակ է ներգրավվել շուրջ 232 հազար մարդ։



Ուկրաինական հետախուզությունը նաև պնդում է, որ հնարավոր նոր մոբիլիզացիային նախապատրաստվելու համար Ռուսաստանում փոփոխություններ են կատարվում օրենսդրությունում, ուժեղացվում է զինվորական հաշվառման վերահսկողությունը և ընդլայնվում են դատապարտյալներին զինծառայության ներգրավելու հնարավորությունները։



Ըստ Կիևի՝ Ռուսաստանում արդեն գործում է էլեկտրոնային ծանուցագրերի համակարգը, որի շրջանակում համապատասխան ռեեստրում ծանուցագրի հայտնվելուց հետո քաղաքացիների նկատմամբ կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ։



Ուկրաինական հետախուզական ծառայությունները պնդում են նաև, որ Ռուսաստանի որոշ շրջաններում նվազել է պայմանագրային զինծառայություն ընտրողների թիվը։ Նրանց գնահատմամբ՝ դրա պատճառներից մեկը պատերազմի նկատմամբ դժգոհության աճն է։



Կիևում կարծում են, որ նոր մոբիլիզացիայի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել սեպտեմբերի 18-20-ը նախատեսված Պետդումայի ընտրություններից հետո։



Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս անցած շաբաթ հայտարարել էր, որ իրենք մոբիլիզացիա են սպասում Ռուսաստանում։



«Պուտինի հաշվարկը հասկանալի է՝ բալիստիկ հրթիռներով հարվածներ։ Հաջորդը ՌԴ-ում «ընտրություններն» են։ Մենք վստահ ենք, որ «ընտրություններից» հետո նրանց մոտ մոբիլիզացիա կլինի։ Կարծում ենք՝ այն չի անցկացվի կենտրոնական քաղաքներում։ Բայց չեմ կարծում, որ նրանց կհաջողվի դա առանձնապես թաքցնել»,- ասել է Զելենսկին։



Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է իրականացնել այսպես կոչված «ծայրամասային մոբիլիզացիա», որը հիմնականում կվերաբերի Ռուսաստանի շրջաններին։



Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու ծրագրերի մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «տեղեկատվական բադեր», բայց ուկրաինական կողմը շարունակում է պնդումներ անել:



«Գիտեք, այս ամենը նետում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես ապակայունացնել իրավիճակը մեր երկրում։ Սրանք տեղեկատվական բադեր են, որոնք նպատակաուղղված նետվում են տեղեկատվական դաշտ»,- ասել էր Պեսկովը RTVI-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250