Քաղաքականություն

«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում

«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում
Հայաստանում անհայտ կորած անձանց շուրջ 1000 ընտանիք կա, սակայն օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների միջազգային օրը, պետական մակարդակով որևէ տարի չի հիշատակվում։ Այս մասին օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսի…

Հայաստանում անհայտ կորած անձանց շուրջ 1000 ընտանիք կա, սակայն օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների միջազգային օրը, պետական մակարդակով որևէ տարի չի հիշատակվում։ Այս մասին օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 2020 թվականին անհայտ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։



Նրա խոսքով՝ նախորդ տարի անհայտ կորածների ընտանիքներն իրենց ուժերով միջոցառում են կազմակերպել՝ հիմնական ուշադրությունը դարձնելով իրավական խնդիրներին։ Այս տարի նախատեսվում է խոսել անհայտ կորածների ընտանիքների հոգեբանական վիճակի և ծնողների ապրումների մասին։



«Մենք պիտի բեմից ներկայացնենք ծնողի ապրումը։ Միջոցառումը տեղի կունենա Կինոյի տանը և հուսով եմ՝ բոլորս այդ ամեն ինչը կբարձրաձայնենք, կիրազեկենք, որովհետև հանրապետությունում հենց կոնկրետ անհայտ կորածի խնդիրը շատ քիչ լսելի է»,- ասել է Մուրադյանը։



Նա նաև դժգոհել է, որ հանրային և քաղաքական քննարկումներում անհայտ կորածների խնդրին բավարար ուշադրություն չի դարձվում։



«Ամեն խնդիրներից խոսում ենք, գերիներից խոսում ենք, բռնի անհետացումներից, բռնի տեղահանվածներից խոսում ենք, բայց չգիտես ինչու, անհայտ կորածների մասին հարց չի հնչում վարչապետին։ Ու քանի որ հարց չի հնչում, բնականաբար պատասխան էլ չի հնչում»,- ասել է նա՝ լրատվամիջոցներին խնդրելով օգոստոսի 30-ին լուսաբանել Կինոյի տանը նախատեսված միջոցառումը։



Միաժամանակ 1990-ականներից, ինչպես նաև 2020 և 2023 թվականների իրադարձություններից անհայտ կորած անձանց հարազատներն ու ծնողները որոշել են միավորվել և ասոցիացիա ստեղծել։


«Մենք ամեն տարի առանձին-առանձին փորձում էինք իմանալ մեր երեխաների ճակատագրերը՝ որտե՞ղ են մեր երեխաները։ Որոշեցինք միաբանվել և ստեղծել այս ասոցիացիան»,- նշել են անհայտ կորածների հարազատները։


Նորաստեղծ ասոցիացիայի նպատակն է մեկ հարթակում միավորել անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիքներին և համատեղ աշխատանք տանել նրանց հարազատների ճակատագրերը պարզելու ուղղությամբ։


Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով՝ Կամո Աբազյանի պաշտոնավարման ընթացքում անհայտ կորածների որոնման հարցում որոշակի հաջողություններ են գրանցվել։ Նրա պաշտոնից հեռանալուց հետո երկու նիստ է անցկացվել, սակայն առայժմ հստակ փոփոխություններ չկան։


Նրանք հայտնել են, որ անհայտ կորածների հարցով բանակցություններ շարունակվում են, համագործակցում են նաև համապատասխան հանձնաժողովները։



Հարազատները հույս ունեն, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն և հնարավոր կլինի նոր տեղեկություններ ստանալ անհայտ կորածների ճակատագրերի վերաբերյալ։



«Հույս ունենք, որ որոնողական աշխատանքները կսկսվեն։ Աստված տա՝ մեր բոլոր երեխաներին ողջ գտնենք»,- նշել են անհայտ կորածների հարազատները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250