Նախկին նացիստական ճամբարի տարածքում բիզնես-պարկ են կառուցում
Ավստրիայում մեծ աղմուկ է բարձրացել նախկին նացիստական ճամբարի տարածքի մի մասում բիզնես-պարկ կառուցելու ծրագրի շուրջ։ Նախատեսվում է այստեղ կառուցել սառնարանային պահեստ և այլ առևտրային օբյեկտներ, իսկ հարակից տարածքում Lidl ցանցը պատրաստվում է խանութ բացել։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Խոսքը Վիեննայից մոտ 40 կմ հարավ գտնվող Լեոբերսդորֆ քաղաքի մերձակայքի մասին է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այս տարածքում գործել է նացիստական հարկադիր աշխատանքի խոշոր համալիր։
1938 թվականին Ավստրիայի՝ նացիստական Գերմանիային միացումից հետո Վայնբերգլագեր կոչվող համալիրում պահվել են հազարավոր ռազմագերիներ և հարկադիր աշխատանքի ուղարկված մարդիկ։
Հետագայում այստեղ գործել է նաև Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի Հիրտենբերգի մասնաճյուղը։ Այն Ավստրիայի խոշոր ճամբարներից էր, որտեղ պահվում էին բացառապես կանայք։
1944 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի ապրիլ Հիրտենբերգում պահվել է մոտ 400 կին՝ հիմնականում Խորհրդային Միությունից, ինչպես նաև Իտալիայից և Լեհաստանից։ Նրանց ստիպել են մոտակա գործարանում զինամթերք արտադրել։
Պատերազմից հետո ճամբարի բարաքներն ու կառույցների մեծ մասը աստիճանաբար քանդվել, վերափոխվել կամ ոչնչացվել են։ Մինչ օրս պահպանվել են միայն որոշ հատվածներ և ավերակներ։
2024 թվականին հայտնի դարձավ, որ տարածքի մի մասում նախատեսվում է բիզնես-պարկ կառուցել։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նախկին ճամբարային համալիրի պահպանված հետքեր, սակայն Ավստրիայի հուշարձանների պահպանության դաշնային մարմինը որոշել է, որ դրանք բավարար չեն տարածքին հուշարձանի կարգավիճակ տալու համար։
Այժմ տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ ակտիվիստները կրկին պահանջում են պահպանել պատմական վայրի մնացած հատվածները։
«Նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում նոր կառույցներ չպետք է կառուցվեն»,- հայտարարել է Մաութհաուզենի միջազգային կոմիտեն։
Մաութհաուզեն Ավստրիայի կոմիտեի ներկայացուցիչ Յոզեֆ Պումբերգերն էլ ասել է, որ տեղի ունեցողը իր մոտ «վիշտ, զայրույթ և ցասում» է առաջացնում։
Նախագծի շուրջ լրացուցիչ հարցեր են առաջացել նաև տարածքի նախկին սեփականատիրոջ պատճառով։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հողատարածքը նախկինում պատկանել է Լեոբերսդորֆի քաղաքապետ Անդրեաս Ռամհարթերի հետ կապ ունեցող ընկերությանը։ 2022 և 2023 թվականներին տարածքը վաճառվել է ավելի քան 15 միլիոն եվրոյով։
Հողատարածքը գնած ավստրիական TRA LEO GmbH & Co KG ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է աջակցել այդ տարածքում հուշահամալիրի ստեղծմանը։
Lidl-ն իր հերթին հաստատել է նախատեսվող բիզնես-պարկում խանութ բացելու ծրագիրը, սակայն ընդգծել է, որ խանութը կկառուցվի ոչ թե անմիջապես նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, այլ հարակից հողամասում։
2024 թվականին Հիրտենբերգի ճամբարի զոհերի հիշատակին տարածքում արդեն հուշակոթող է տեղադրվել։ Սակայն պատմական վայրի պահպանության կողմնակիցները դա բավարար չեն համարում։
Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ է պահպանել նաև ճամբարի նյութական հետքերը, որպեսզի այնտեղ տեղի ունեցածի մասին հիշողությունը չմնա միայն գրքերում, լուսանկարներում և ֆիլմերում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...