Ազատում հրդեհի գործով միջնորդություն կներկայացվի Փաշինյանին և Պապիկյանին հարցաքննելու համար․ Նորիկյան

«Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու և հարցաքննելու համար»,- ասուլիսում ասել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։


Նա նշել է, որ երկու օր առաջ կրկին ուսումնասիրել է հենց դեպքի օրը՝ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ․ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի արած հայտարարությունները, դիտարկումները, տրված հրահանգներն ու հանձնարարականները, այլ անձանց տված տեղեկությունները, որոնք կարող են որոշակի և էական նշանակություն ունենալ այս գործով ճշմարտության բացահայտման տեսանկյունից ձևավորվման համար։


«Միջնորդություն են ներկայացնելու դատարան՝ իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն, ինչը նշանակում է, հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները։ 
Մասնագետները ոչ միայն չեն բացառել, նաև հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը։ Այդ միջնորդությունը բավարարելու դեպքում, կարծում եմ, հետագայում կարող է էական նշանակություն ունենալ գործի իրական պատկերը, համենայնդեպս, ծնողների, հանրության համար պարզ դարձնելու համար»,- ասել է Նորիկյանը»։ 


Հիշեցնենք, 2023 թ. հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել։


Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ բոլոր նախնական տվյալներով, փորձ արվել 5 լիտրանոց տարան բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ եղել է կրակ, ոչ միայն այրվել է բենզինը, այլև կրակն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդով այդ 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում ենք, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ, որից հետ պարզ է թե ինչ է տեղի ունեցել»։



Նշենք, որ  2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։

Քաղաքականություն

Պատահարներ