Բացահայտվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր մարզերում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։


Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Լոռու մարզի Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000 դրամ, «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 2.000.000 դրամ տուգանք։


Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԲԸ-ն գազալցակայանի հովացման նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափը կազմել է 626.994 դրամ, դեպքի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։


Արմավիր, Ջրառատ, Հացիկ, Լուկաշին, Հայկավան բնակավայրերում 13 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի շահագործել է ընդհանուր 13 խորքային հոր՝ ոռոգման, խմելու-կենցաղային նպատակներով։ Տեսչական մարմնի Լոռու, Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։

Քաղաքականություն

Պատահարներ