Կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.


«Վերջին շրջանում բարձրաձայնվում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին։ Ցավոք, մտահոգությունները տեղին են, այդ մասին փաստում են «Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալները, IQAir ընկերության ցուցանիշները։


Վտանգված է մեր քաղաքացիների, ծնողների, երեխաների առողջությունը։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


Մայրաքաղաքի որոշ թաղամասերում տարբեր օրերի գրանցվում է օդի աղտոտվածության աննախադեպ շեմ։ Վերջին օրերին Ավան-Առինջում 708 բալ է գրանցվել, ինչն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։


Այսպիսի տեմպերով Հայաստանը շուտով կգլխավորի օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների ցանկը։


Փոխանակ իշխանությունները անհապաղ միջոցներ ձեռնարկեն հարցը լուծելու ուղղությամբ՝ ներկայացնում են անհասկանալի արդարացումներ՝ խնդրի պատճառ ներկայացնելով տարածաշրջանի աշխարհագրությունը։


Կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս, առողջ ծառերի զանգվածային հատումներ իրականացնում։


Շինարարություն իրականացնելիս օդային ավազան փոշու արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով շինարարական ընկերությունները պարտավոր են շինհրապարակում օրվա ընթացքում մի քանի անգամ իրականացնելու ջրցանի կատարում, ինչպես նաև՝ ավազը տեղափոխել փակ պայմաններում, շինարարական մակերեսները փակել պաշտպանիչ ցանցերով։


Արդյո՞ք վերահսկվում են այս նորմերը։ Ինքներս ականատեսն ենք լինում, որ ոչ հաճախ։


Օդի աղտոտվածության պատճառ են նաև ավտոմեքենաների՝ առանց կատալիզատորների շահագործումը, խցանումները, աղբավայրերը, հանքերը։


Վերջին օրերին ՀՀ տարբեր շրջաններում բռնկված լայնամասշտաբ հրդեհները էլ ավելի են նպաստում օդի աղտոտվածությանը։


Նշեմ, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում։


Սա կարող եք ընդունել որպես ահազանգ և զգուշացում։ Գործ ունենք հանրության առողջության, մարդկային կյանքերի հետ։ Իշխանությունների կողմից նման անպատասխանու վերաբերմունքը դատապարտելի է։ Միլիոնավոր դոլարներն են վատնվում զանազան համերգների, փառատոնների վրա, բայց անչափ կարևոր այս խնդիրը անտեսվում է քաղաքային իշխանությունների կողմից։


Սիրելի քաղաքացիներ, մենք պետք է պահանջենք, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվեն օդի աղտոտվածության բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Դա իրենց պարտականությունն է, ինչից խուսափել չի ստացվելու»։

Քաղաքականություն

Պատահարներ