Ինչպես իմանալ ներառված եք արդյոք պետական ապահովագրական համակարգում, թե ոչ. նախարարը մանրամասնել է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ մանրամասնելով, թե ինչպես քաղաքացին կարող է տեղեկանալ ներառվա՞ծ է պետական ապահովագրական համակարգում, թե՞ ոչ:
«Որպես օրինակ՝ բերեմ 67-ամյա տիկին Անուշին։ Պետական ներքին էլեկտրոնային համակարգերով կճշգրտենք, որ տիկին Անուշը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, նա վերջին տարվա մեջ 183 օր առնվազն բնակվել է Հայաստանում և 65 տարեկանից ավել է։ Այս 3 տեղեկատվության հիման վրա մենք նրան կներառենք ապահովագրվող անձանց ցուցակում»,- նշել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այս ամենից հետո SMS հաղորդագրությամբ կհայտնեն, որ նա ներառվել է այս ցանկում և պետք է կատարվի համաձայնեցման գործողություն։
«Տիկին Անուշն armed.am կայքում կամ հավելվածում պետք է մտնի և մի կոճակի սեղումով համաձայնություն տա։ Եթե հասանելիություն չունի էլեկտրոնային կայքին, ապա իր ընտանեկան բժշկի, ամբուլատորիայի թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է այս գործողությունն իրականացնել։ Իսկ եթե սա էլ չեն կարող անել, մենք այդ գործողությունը կիրականացնենք մեր ընտանեկան բժիշկների, բուժքույրերի միջոցով»,- մանրամասնել է նախարարը։
Նա հավելել է, որ համաձայնությունը տալուց հետո անձը համարվում է ապահովագրված։





























