
Ադրբեջանցիները կրակում են. գյուղտեխնիկան չի կարողանում մտնել Արցախի Հացի գյուղի դաշտեր․ համայնքապետ

2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ դարձած Արցախի Մարտունու շրջանի Հացի համայնքում գարնանացանի աշխատանքները դեռ չեն սկսել։ Գյուղատնտեսական տեխնիկան չի կարողանում մտնել տարածք․ ադրբեջանցիները կա՛մ կրակում են, կա՛մ սպառնում, որ կկրակեն։
Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանը, գյուղի վարելահողերի մի մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, մնացածի գերակշիռ մասն էլ՝ շուրջ 90 տոկոսը, ադրբեջանցի զինծառայողների ուղիղ նշանառության տակ է։
«Մոտ 40 հա վարելահող, որտեղ ցորեն ու գարի էինք ցանում, ընդհանրապես չի մշակվում հիմա։ Հենց սահմանին կպած են։ Գյուղին պատկանող վարելահողերն ու ֆերմաները, որտեղ մարդիկ աշխատում էին, թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Դրա համար էլ մարդիկ վաճառում են անասուները։ Եթե 2020 թվականին 244 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա 140-նն է մնացել։ Ու շարունակում է նվազել թիվը, սահմանամերձ դառնալուց հետո մարդիկ էլ չեն կարողանում անասուն պահել»,- «Փաստինֆո»-ին ասաց Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանը։
Ըստ նրա՝ արոտավայրերն էլ են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Միայն վերջին օրերին երեք խոշոր եղջերավոր անասուն անցել է սահմանը։ Պատերազմի ընթացքում, ինչպես պարոն Սարգսյանն է նշում, 28 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է կորցրել համայնքը, որից 15-ն անցել են ադրբեջանցիների կողմը, իսկ մնացածն էլ ադրբեջանցիների հրթիռակոծության տակ են ընկել։
Հացի գյուղի մոտ գտնվող ադրբեջանական դիրքից երբ կրակում են, գյուղում պարզ լսվում է։ Համայնքապետն ասում է՝ բնական է, որ անվտանգության խնդիրն ամենաշատն է անհանգստացնում գյուղացիներին։ Տներից մոտ 900 մետր հեռավորության վրա ադրբեջանական դիրքն է։