Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են հատել ՀՀ սահմանը․ Միկոյանը պարզաբանում է

 Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են հատել ՀՀ սահմանը․ Միկոյանը պարզաբանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են հատել ՀՀ սահմանը՝ առանց որևէ իրավական հիմնավորման, համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված լինելու մասին իրավապահ մարմինները հանձն չեն առնում։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները պնդում են՝ իրենք կապ չունեն, ՀՀ գլխավոր դատախազությունից բանավոր կերպով չեն հստակեցնում՝ արդյո՞ք նոր հանրային քրեական հետապնդում հարուցվել է Քոչարյանի նկատմամբ, թե ոչ, գրավոր հարցում են խնդրում։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործին, ապա դատարանից հայտնեցին, որ դատավորը որևէ արգելք չի կիրառել։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում ևս առ այս պահը տեղեկություն չունեն, թե ի վերջո՝ ինչ հիմքով է արգելվել Ռոբերտ Քոչարյանի ելքը՝ ՀՀ-ից։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ապօրինի, առանց որևէ հիմնավորման արգելվել է ելքը, որևէ այլ տեղեկություն առկա չէ։


Միկոյանն ընդգծել է, որ իշխանությունները «շոու» էին ցանկանում, որը չստացան, ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երկրորդը նախագահը ՊՊԾ-ի կողմից պահվող անձ է, այսինքն՝ ՊՊԾ-ն նախագահի ամբողջ տեղաշարժից տեղյակ է։

«Նման հիմարություն բրդելու համար կամ պետք է հիմար լինես, կամ վստահ լինես, որ քեզ հավատացողն է հիմար։ Դա մեր տիրույթից դուրս է՝ երկու պարագայում էլ»,- ասաց Միկոյանը։  


Անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխանական ԶԼՄ-ներում «Զվարթնոց» օդանավակայանի տեսախցիկներից արտահոսք է եղել՝ Միկոյանը նշել է, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացի, ՀՀ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ շատ լուրջ մտածի, թե իր անձնական կյանքը, անձնական տեղաշարժը որտեղ կարող է հայտնվել։


«Նորմալ պրոցեդուրա է (անձնագրային վերահսկողություն) է, որն օրական տասնյակ հազարավոր մարդիկ անցնում են, դա անձնական կյանքի, անձնական տեղաշարժի իրավունք է, դրանից ինչ-որ բան ստանալ․․․ բայց մարդիկ պետք է մտածեն Հայաստան ժամանելիս կամ Հայաստանից մեկնելիս, որ իրենց ողջ տեղաշարժը կարող է հայտնվել ինչ-որ մերձիշխանական լրատվականում»,- ասել է Միկոյանը։


Հիշեցնենք, որ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արգելել են հատել ՀՀ սահմանը։ Մինչ այդ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ նախագահը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից, այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:


«Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,- նշված էր նախապես արգելքին նախորդած հաղորդագրությունում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250