Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, եղել է Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանք։ Այս կարծիքը ներկայացվել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախարարության տվյալներով՝ միջադեպի պատճառը, ըստ նախնական գնահատականի, եղել է Patriot ՀՕՊ հրթիռի անկումը։ Գալուժինը դեսպանին տեղեկացրել է, որ Մոսկվան մանրակրկիտ ուսումնասիրում է Բաքվի դիմումը դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի վերաբերյալ։
«Ռուսական կողմը իր անկեղծ ափսոսանքն է հայտնում միջադեպի կապակցությամբ։ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անճշտ աշխատանքով»,– ասվում է հաղորդագրությունում։
Նախարարությունն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմին կրկին փոխանցվել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերը հարվածում են միայն օրինական ռազմական թիրախներին, այդ թվում՝ Կիևում գտնվող Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին։ Նշվել է, որ հարվածների պլանավորման ընթացքում կատարվում է մանրակրկիտ վերլուծություն՝ քաղաքացիական անձանց վնասը բացառելու համար, և հաշվի է առնվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու վայրը։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և նրան բողոքի նոտա էր հանձնել՝ կապված ենթադրաբար ռուսական «Իսկանդեր» հրթիռի բեկորների Ադրբեջանի դեսպանատան տարածքում ընկնելու հետ։ Ռուսաստանի պատասխան ուղերձում նշվել էր, որ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ շենքերը վնասվել են Patriot հրթիռով։





























