Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը
Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ներկայումս, նույնիսկ թուլացած տեսքով (առանց հաշվի առնելու գիշերային արտանետումը), ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-G4 միջակայքում, այսինքն՝ դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը, հավանաբար, կտեղափոխվի G4-G5(ծայրահեղ ուժեղ) միջակայքի։
Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։





























