Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը․ մանրամասներ
Կառավարության այսօրվա որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։
Նախագծի ընդունմամբ էականորեն արագանալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվելու է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։
Ընդլայնվելու է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվելու է ի հաշիվ 1992-2004 թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։
Միասնականացվելու է աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992-2013 թթ․ ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների և ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։
Պարզեցվելու է Արցախում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի արխիվները հիմնականում չեն պահպանվել։ Սա նշանակում է, որ Արցախի տարածքի համար 1992-2013 թթ․ աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։
Մշակվելու և ներդրվելու են ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն են տալու ինքնաշխատ եղանակով հաշվարկել քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը և ձևավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։
Հստակեցվելու են աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների անվանումները։





























