
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բյուջեից 7մլրդ 548 հազար դրամ տրամադրվեց

Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացել 7մլրդ 548 հազար դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ գումարի փոխանցման նպատակը լինելու է Արցախի հանրապետության քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումը ապահովելը. «Մասնավորապես կառավարության որոշման համաձայն 2021թ-ի մարտ-հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր արցախցի քաղաքացու տրամադրել 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց»։
Նա նշեց, որ մինչև այժմ ընդհանուր առմամբ Արցախի բնակչությանը տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33մլրդ դրամ, այդ թվում նաև նախորդ ամիս հատկացում է կատարվել այս 7.5 մլրդ-ի շրջանակներում. «Մասնավորապես արդեն կառավարության հաստատված ծրագրերով ևս մոտ 22 մլրդ-ի որոշում ունենք, որից մեկը այս հատկացումն է, այսինքն ընդհանուր առմամբ տրամադրված և կառավարության որոշումներով հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ։ Այս աջակցության ծրագրով նախորդ ամիս Արցախի 101 հազար քաղաքացի ստացել է աջակցությունը։
Առաքելյանը հիշեցրեց, որ համաձայն կառավարության կարգավորումների քաղաքացիները, ովքեր արդեն դիմել են մարտ ամսվա համար, լրացուցիչ ապրիլ ամսվա համար դիմելու անհրաժեշտություն չկա, իրենց բանկային հաշիվներին յուրաքանչյուր ամսի 20-ին այդ գումարը կփոխանցվի. «Արցախցի կենսաթոշակառուները և նպաստ ստացողները իրենց կենսաթոշակի և նպաստի հետ միանգամից կստանան, որ հավելյալ խնդիրներ չլինեն։ Այդ մասով այս գումարի մի մասը հատկացվելու է Արցախի կառավարությանը՝ այդ շրջանակներին ապահովելու համար։ Միևնույն ժամանակ մի փոքր խումբ մնացել է քաղաքացիների, որ ցավոք նորից այդ բազաներում կամ փաստաթղթերում որոշակի խնդիրներ են ունենում, մենք այդ մասով առաջիկայում լրացուցիչ կարգավորումներ կանենք, որ այն քաղաքացիները, ովքեր աջակցության ծրագրերից դուրս են մնացել, նույնպես դառնան ծրագրի շահառու»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս ծրագրից ովքե՞ր են օգտվում։ Ի պատասխան Առաքելյանը նշեց, որ ծրագրի շահառու են դառնում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց։
Որոշումն ընդունվեց։