Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությանը մասնակցած դիմորդները բարձրաձայնում են հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստի վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Նրանց գնահատմամբ՝ հունիսյան քննության թեստը զգալիորեն ավելի բարդ է եղել, քան նույն առարկայի հունվար–փետրվարյան քննաշրջանի թեստը։ Դիմումի հեղինակները նշում են, որ թեստում մեծ թիվ են կազմել բազմաքայլ հաշվարկային, միաժամանակ մի քանի թեմաների ինտեգրում պահանջող և ժամանակատար առաջադրանքները, ինչի հետևանքով, ըստ նրանց, խախտվել է առաջադրանքների բարդության հավասարակշռված բաշխման սկզբունքը։
Ըստ հեղինակների՝ քննությունն այս կերպ գնահատել է ոչ միայն դիմորդների գիտելիքները, այլև ժամանակի խիստ սահմանափակ պայմաններում արագ կողմնորոշվելու կարողությունը, ինչը, նրանց կարծիքով, չի համապատասխանում քիմիա առարկայի ուսումնառության նպատակներին։
Դիմումում նաև նշվում է, որ թեստում եղել են երկիմաստ ձևակերպումներ, որոնք կարող էին տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ և լրացուցիչ ժամանակ պահանջել։ Հեղինակները պնդում են, որ քննության ընթացքում բազմաթիվ դիմորդներ ունեցել են բարձր սթրես, վատ ինքնազգացողություն և հոգեբանական ծանրաբեռնվածություն՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել նաև քննական կենտրոնների տեսախցիկների տվյալները։
Նրանք ընդգծում են, որ միասնական քննությունների տարբեր փուլերում կիրառվող թեստերը պետք է ունենան համարժեք բարդության մակարդակ, որպեսզի նույն պատրաստվածությունն ունեցող դիմորդների վերջնական արդյունքը կախված չլինի քննաշրջանից։
Դիմումի հեղինակները պահանջում են իրականացնել հունվար–փետրվար և հունիս ամիսների քիմիայի քննությունների մասնագիտական և վիճակագրական համեմատական վերլուծություն, այդ թվում՝ առանձին ուսումնասիրել այն դիմորդների արդյունքները, որոնք մասնակցել են երկու քննաշրջաններին։
Բացի այդ, նրանք առաջարկում են ցանկություն ունեցող դիմորդների համար կազմակերպել երրորդ քննաշրջան, որի թեստը, ըստ նրանց, պետք է կառուցվածքով և բարդության մակարդակով համապատասխանի հունվար–փետրվարյան տարբերակին։
Դիմումում նաև առաջարկվում է վերանայել թեստ կազմողների խմբի կազմը, գործընթացում ներգրավել տարբեր դպրոցների փորձառու ուսուցիչների, բուհական մասնագետների և ոլորտային փորձագետների, ստեղծել մասնագիտական հետադարձ կապի մշտական հարթակ և կազմակերպել բաց քննարկումներ՝ քննությունների բովանդակության, բարդության և գնահատման սկզբունքների վերաբերյալ։
Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նպատակը սովորողների շահերի պաշտպանությունն է, հավասար մրցակցային պայմանների ապահովումը և քիմիա առարկայի դասավանդման ու գնահատման որակի բարելավումը։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...