Քաղաքականություն

ՔՊ-ում կամ թքած ունեն, թե ինչ է կատարվում ՍԴ-ում, կամ որոշակի երաշխիքներ ունեն. Խուդոյան

ՔՊ-ում կամ թքած ունեն, թե ինչ է կատարվում  ՍԴ-ում, կամ որոշակի երաշխիքներ ունեն. Խուդոյան

Իրենք իրենց կողմից  անլրջացնում են այս պրոցեսը, ցույց են տալիս՝ կամ թքած ունեն, թե ինչ է կատարվում  Բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն,  որ բան չի փոխվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանելով հարցին՝ թեև ՍԴ-ում դեռ վիճարկվում է ընտրության արդյունքները, ՔՊ-ն արդեն ձևավորում է ԱԺ՝ ընտրելով ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկնածուներ։


Խուդոյանն ասել է, որ ՍԴ նախորդ նիստերի ժամանակ որոշվել էր՝ գաղտնի ինֆորմացիաներ կան, այդ թվում նախաքննական և պետական գաղտնիք պարունակող, նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների, հիմնականում զինծառայողների վերաբերյալ է խնդիրը։


«Մենք ի սկզբանե դիմումով հարց ենք բարձրացրել, որ ստուգել ենք ստորագրված  մատյանները՝ այն, ինչ հրապարակել է  ԿԸՀ-ն,  համադրել ենք իրենց հրապարակած արձանագրությունների վերջանական թվի հետ, թե քանի ընտրող է մասնակցել։


Հայտնաբերել ենք 27 հազար  800 ստորագրության բացակայություն։ Ենթադրում է՝ ինչքան ընտրող մասնակցել է  քվեարկությանը, պետք է այդքան ստորագրած լինի։ ԿԸՀ-ն  պարզաբանել է, որ կա նաև քվեարկողների գաղտնի ցուցակ, զինծառայողները և այլն։ Դա ընդունելի փաստարկ է։


Բայց ասել ենք՝ այդ թիվը եթե նվազեցնում ենք, մոտավորապես 10 հազար  տարբերություն լինում է, պարզաբանեք նաև այս թիվը։ Իրենք պարզաբանել են,  թե դուք լավ չեք հաշվել, մենք հաշվել ենք, ամեն ինչ նորմալ է։ Վերահաշվարկ ենք կատարել, ստուգել ենք, բայց 4-5 հազարի տարբերություն է լինում։


Բացատրություն չկա։ Հետևյալ տրամաբանական  շղթան ենք կառուցում՝ իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար  այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։  Քանի դեռ  պարզաբանում  ներկայացված չէ, թե  ինչպես է այդ թիվը ձևավորվում, ընդունում ենք, որ այստեղ կարող է լինել լցոնում։


Այսինքն՝ կամ այդքան մարդ չի գնացել, կամ այնքան վատ է ԿԸՀ աշխատանքը, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չէ վերահսկել»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250