Անոմալ շոգը Եվրոպայում հալեցնում է ասֆալտը և դեֆորմացնում երկաթգծերը
Արևմտյան Եվրոպայում տիրող անոմալ շոգը հանգեցրել է երկաթգծերի դեֆորմացման և ասֆալտի հալման, ինչն առաջացրել է գնացքների ուշացումներ ու չեղարկումներ, տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքի խափանումներ և գետերով նավարկության սահմանափակումներ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ժան Ռոդրիգեսը։ Նրա խոսքով՝ Արևմտյան Եվրոպան պատուհասած ուժեղ տապը ցայտուն կերպով ի ցույց դրեց կլիմայական ռիսկերը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների վրա դրանց ազդեցությունն ու հետևանքները։
«Ահա ընդամենը մի քանի օրինակ. ռելսերի ծռվելու պատճառով բազմաթիվ երկրներում գնացքների ուշացումներ ու չեղարկումներ են գրանցվել, խափանվել են սահմանային սարքավորումները, խաթարվել է գնացքների բնականոն աշխատանքը, և անհրաժեշտություն է առաջացել նվազեցնել արագությունը՝ ընդարձակված գծերի վրա կինետիկ ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար։ Արձանագրվել են նաև մալուխների ու ազդանշանային սարքավորումների կտրվածքներ, ասֆալտի հալում ու դեֆորմացում, լուսացույցների աշխատանքի խափանումներ, ինչը քաղաքներում խցանումների պատճառ է դարձել, ինչպես նաև գետային նավարկության սահմանափակումներ, որոնք դանդաղեցնում են գետերով երթևեկությունը, և էլի բազմաթիվ այլ օրինակներ»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է նա։
Ռոդրիգեսը հղում է արել երեքշաբթի օրը հրապարակված հանձնաժողովի զեկույցին, համաձայն որի՝ 2050-2080 թվականներին Եվրոպայի երկաթուղային ցանցի մոտ 90%-ն ավելի հաճախ է ենթարկվելու բարձր ջերմաստիճանների ազդեցությանը։ Ընդ որում, տրանսպորտային ենթակառուցվածքները ստիպված կլինեն տարեկան դիմանալ 25 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանով հավելյալ 10-15 օրերի, իսկ որոշ տարածաշրջաններում՝ նույնիսկ մինչև 200 օրերի։
ՄԱԿ-ի ԵՏՀ-ն նախազգուշացրել է, որ կլիմայի փոփոխությունը կմեծացնի երկաթգծերի դեֆորմացման, ճանապարհային ծածկի քայքայման, կամուրջների վնասման, տրանսպորտային ենթակառուցվածքների մոտակայքում անտառային հրդեհների, ինչպես նաև հեղեղումների ռիսկը, որոնք կարող են խաթարել ավտոմոբիլային, երկաթուղային և գետային տրանսպորտի աշխատանքը։ Կազմակերպությունը երկրներին կոչ է արել հաշվի առնել կլիմայական ռիսկերը տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման ժամանակ, քանի որ եղանակային ծայրահեղ դրսևորումներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...