Տեր Սարգիսն Ապարանում խադավիկ էր. կաթողիկոսի ազգականը լինելով է հայտնվել այստեղ. Տեր Արամ
Չեմ կարող ասել ովքեր կլինեն, ես բոլոր խելամիտ հոգևորականներին հրավիրում եմ, որ այդ օրը գան և իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ ոչ ասեն մեղքին, ոչ ասեն կեղծիքին, ոչ ասեն պղծությանը, որովհետև փաստացի մենք տեսնում ենք, համոզվում ենք, որ եկեղեցու մեջ հոգևոր սպասավորությունը հաճախ ստանձնել են այնպիսի մարդիկ, որոնք առհասարակ Քրիստոսի նկատմամբ անգամ հավատ ու սեր չունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Տեր Արամը՝ անդրադառնալով հարցին, թե որ հոգեւորականներն են իր հետ առաջիկա կիրակի մասնակցելու «պատարագին»։
Անդրադառնալով նրան, որ Սամվել Դպիր Գրիգորյանն իր մասին ասել էր, որ իր արածը հերետիկոսություն է, նա ասել է. «Ես մեր դպիրներին, այնտեղ այլ դպիրներ էլ կան, որ հաճախ խոսում են, մի քիչ ոչ թե վախ, այլ զգուշավորություն եմ ցանկանում։ Նրանք օծյալ հոգևորականի հետ գործ ունեն և խոսում են օծվածի մասին, պետք է մի քիչ ավելի զգուշավոր լինեն, որովհետև որևէ մեկ դպիրի եկեղեցին այդ հնարավորությունը չի տվել՝ նման կերպ օծված քահանայի կամ հոգևորականի մասին արտահայտվելու։ Այդ դպիրների արտահայտչաձևը ևս մեկ անգամ գալիս է փաստելու և հաստատելու, որ իսկապես եկեղեցու մեջ խնդիր կա։ Մարդիկ խոսում են այնպիսի բաներից, որոնց խոսելու իրավունքը ուղղակի չունեն»։
Ինչ վերաբերում է նրան, որ ինքն ասել է, որ եկեղեցու բանալիները չի փոխել, մինչդետ Տեր Սարգիսը հայտարարել է, որ իր աչքերով տեսել է, որ փոխել եք, Տեր Արամն ասել է. «Տեր Սարգիսն ո՞վ է, ինքը չի կարող ինձ փոխարինել։ Ոչ իր միտքն է այն աստիճանի... Ուղղակի կհիշեմ իր քարոզներից մեկում, երբ որ խոսում էր Հակոբոս տիառնեղբոր մասին, ուղղակի խորանից արտահայտում էր, որ Քրիստոսի «դվայորոդնի բռատն» է։ Հասկանու՞մ եք։
Մի փոքր նրա անցյալի մասին էլ կուզեմ որոշակի բաներ ասել, ես ճեմարանական արդեն չորրորդ կուրսում էի, որ ինքը եկավ քահանայից պատրաստման լսարան և ամբողջ իր սովորելու տարիներին ես այնտեղ եմ եղել և հաճախ նաև Ապարանից մարդիկ էին գալիս ու զարմանում էին, որ ինքը ճեմարանում է սովորում և ես ուզում էի նրանց զարմանքի պատճառն իմանալ։
Իհարկե, ամենայն հարգանքով եմ խոսում մեքենայագործների մասին, կամ ռուսերեն ասում են՝ «խադավիկ», պարզվեց որ ինքը խադավիկ է եղել Ապարանում, շատ լավ այդ գործին տիրապետել է։ Նաև տեղեկացա, որ կաթողիկոսի ազգականն է, բարեկամն է, և այս մարդը չունենալով անգամ բավարար կրթություն քահանայագործվելու համար, արի ու տես կաթողիկոսի բարեկամը լինելու պատճառով հայտնվել է մի տեղ, որտեղ հայտնվելուց առաջ ինքը դեռ շատ մատուռներ պետք է ծառայեր, որպեսզի կարողանար անգամ ունենալ այն կրթությունը, որպեսզի բավարարեր նաև իրեն հարցերով մոտեցող հավատացյալների կարիքները բավարարելուն»։
Ուզում եմ ասել, որ Տեր Սարգիսը դեռ ինքնակրթությամբ զբաղվելու բավականին երկար ճանապարհ ունի անցնելու և այս ամբողջ 1–1,5 տարին, որ հասցրեցինք միասին այստեղ քահանայագործել, ես ուղղակի կուզեմ հիշեցնել, թե ինչ ճանապարհ ենք իրար հետ անցել։ Ես չեմ ուզում ուղղակի այս պահին ասել, թե Տեր Սարգիսը նույն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ ամենայն հայոց կաթողիկոսի գործունեության վերաբերյալ, ինչ քամահրանքով էր արտահայտվում։ Ուղղակի կլռեմ դրա մասին, չեմ ուզում նրա հետագա քահանայական ընթացքի վրա բիծ և խազ թողնել։ Ուղղակի խորհուրդ կտամ Տեր Սարգիսին, որ շարունակի այն մասնագիտությունը, որով որ մինչև քահանայագործությունը զբաղվել էր»։
Ճշտող հարցին՝ ի վերջո, փոխե՞լ է փականը, թե ոչ, նա արձագանքել է. «Ես պատրաստվում եմ փոխել մարդկանց սրտի փականները, որոնց մեջ, որ պետք է Քրիստոս մտնի։ Այս ամբողջ տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով Քրիստոս չի կարողանում մուտք գործել հայ ժողովրդի սիրտ, և ես պատրաստվում եմ նրանց սրտերի փականները փոխել, հեշտացնել Քրիստոսի մուտքը այդ մարդկանց սիրտ, և եթե հարկ լինի, այո, ես այդ գործունեությունը կծավալեմ»։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            