Ազատազրկված անձանց համաներման որոշում չունենք. Արդարադատության նախարար
Չունենք որոշում՝ համաներում իրականացնելու, որովհետև կարծում ենք, որ յուրաքանչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի և ոչ թե ինչ-որ պահի որոշի, որ պետք է իքս, իգրեկ, զեթ կատեգորիայի անձանց ազատ արձակել: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
«Ես այն տեսակետի կողմնակիցը չեմ, որ ասեմ՝ դե, միայն դատարաններն են որոշում պատժից պայմանական վաղաժամկետ ազատել անձին, թե ոչ: Մենք շատ անելիքներ ունենք այս առումով, և իրականում աշխատանքներն արվում են՝ անհատականացնելու կոնկրետ անձանց վերասոցիալականացման պլանները և գնահատման մեթոդիկաները:
Կարծում եմ՝ ապագայում մեր կատարած աշխատանքի շնորհիվ մեր կողմից դատարան ներկայացվող զեկույցների որակն էապես կբարձրանա, և դատարանները, մեր զեկույցների հետ հաշվի նստելով, ավելի շատ կկիրառեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործիքը, և քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման, ինչպես նաև մարդկանց կոնկրետ խնդիրները մենք ցանկանում ենք լուծել այդ ճանապարհով»,- ասել է Գալյանը:
«Քրեակատարողական ծառայությունը որդեգրել է անհատական մոտեցում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, և այդ տեղաբաշխման հանձնաժողովի նիստերն ավելի հաճախ են տեղի ունենում: Իհարկե, մենք օրենսդրական ժամկետային սահմանափակումներ ունենք, բայց ուզում եմ, որ հանրությունը վստահ լինի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպք մանրակրկիտ քննության առարկա է դարձվում, և մենք ավելի հակված ենք խրախուսելու նպատակով մարդկանց հնարավորություն ընձեռել՝ գնալ ավելի մեղմ անվտանգային գոտում իրենց պատիժը կրել շարունակելու»,- հայտնել է Գալյանը:





























