Քաղաքականություն

Թրամփը Կոնգրեսից պահանջել է շտապ ընդունել 350 մլրդ դոլարի պաշտպանական փաթեթը

Թրամփը Կոնգրեսից պահանջել է շտապ ընդունել 350 մլրդ դոլարի պաշտպանական փաթեթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել հնարավորինս արագ ընդունել 350 միլիարդ դոլարի բյուջետային համաձայնեցման մասին օրինագիծը, որը նախատեսում է նաև լրացուցիչ ներդրումներ երկրի պաշտպանության ոլորտում։


«Ոչ մի խաղ, ոչ մի ձգձգում և ոչ մի թույլ փոխզիջում։ Արեք դա որքան հնարավոր է շուտ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։


Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը թույլ կտա ԱՄՆ-ի ռազմական բյուջեն հասցնել 1,5 տրիլիոն դոլարի։


Թրամփը նշել է, որ նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացմանը, «Ոսկե նավատորմի» ստեղծմանը, F-47 և B-21 ռազմական ինքնաթիռների ծրագրերին, զինամթերքի պաշարների համալրմանը, ինչպես նաև տիեզերական և անօդաչու տեխնոլոգիաների զարգացմանը։


ԱՄՆ նախագահը նաև օրենսդիրներին կոչ է արել օրինագծում ներառել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը, որը վերաբերում է երկրի ընտրական համակարգին։


The Hill-ի փոխանցմամբ՝ Թրամփի հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը, կասկած էին հայտնել Իրանի հետ հակամարտության կարգավորման շրջանակում նախատեսվող երրորդ ֆինանսական փաթեթի ընդունման հնարավորության վերաբերյալ։


Միաժամանակ, հայտարարությունը հաջորդել է վերլուծություններին, որոնց համաձայն՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված ժամանակակից սպառազինության պաշարների վերականգնումը կարող է տարիներ պահանջել։ Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ հակամարտության առաջին շաբաթներին ԱՄՆ-ն սպառել է տարիների ընթացքում կուտակված մի շարք կարևոր զինամթերքի պաշարներ։


Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության վրա Վաշինգտոնը ծախսել է շուրջ 25 միլիարդ դոլար, իսկ հունիսի 10-ին ԱՄՆ-ն Թրամփի հրամանով իրականացրել էր Իրանի մի շարք օբյեկտների նկատմամբ «լրացուցիչ ինքնապաշտպանական հարվածներ», որոնք ավարտվել էին մոտ չորս ժամ անց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250