Ռազմական

Թրամփը կարող է թույլատրել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը

Թրամփը կարող է թույլատրել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին կհայտնի Անկարային F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը թույլատրելու պատրաստակամության մասին:


The New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե Թրամփն ինչպես է ծրագրում շրջանցել Թուրքիային այս ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսի սահմանած արգելքը: Ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաները ենթադրում են, որ երկրների ղեկավարները կարող են պաշտոնական նամակներ փոխանակել՝ Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու գործընթացն ազդարարելու համար: ԱՄՆ նախագահը հուլիսի 7-ին կժամանի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:


Պարբերականը միաժամանակ նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում Սպիտակ տան ղեկավարի կողմից որոշման փոփոխությունը: Հունիսի վերջին «Euractiv» պորտալը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի հարցին, եթե Անկարան հրաժարվի Ս-400 համակարգերից և դրանք Ռուսաստանին վերադարձնելու փոխարեն վաճառի «երրորդ երկրի»:


Միացյալ Նահանգները 2019 թվականին բացառել էր Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին, քանի որ վերջինս ձեռք էր բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր: Վաշինգտոնն իր քայլը պատճառաբանել էր մտավախությամբ, որ երկու համակարգերի միաժամանակյա շահագործման դեպքում Թուրքիան կարող է տեղեկություններ հավաքել F-35-ի խոցելիության վերաբերյալ:


Թուրքիային F-35 ինքնաթիռների տրամադրմանը դեմ են արտահայտվում նաև Իսրայելը, որի հարաբերությունները Անկարայի հետ վատթարանում են, և Հունաստանը՝ որպես Թուրքիայի պատմական հակառակորդ և ՆԱՏՕ-ի դաշնակից: Այս երկրները պնդում են, որ կործանիչների փոխանցումը Թուրքիային կխախտի ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250