ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները աջակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքներին հասցվող հարվածները
ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները աջակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի խորքային տարածքներին հասցվող հարվածների ակտիվացմանը՝ դրանք դիտարկելով որպես Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու և Կրեմլին բանակցությունների վերադարձնելու կարևոր գործիք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները հասկանում են, թե ինչու է Ուկրաինան դիմում նման մարտավարության։
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները հասկանում են, թե ինչու է Ուկրաինան դա անում։ Բոլորը կարծում են, որ պետք է շարունակել մեծացնել ճնշումը»,- ասել է Ստուբը։
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ Ուկրաինան այժմ պատերազմի սկզբից ի վեր գտնվում է ամենաբարենպաստ դիրքում՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ ֆինանսական առումով։
«Ուկրաինան այժմ ավելի լավ ռազմական, քաղաքական և ֆինանսական դիրքում է, քան այս պատերազմի ընթացքում երբևէ։ Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանում այսօր տեսնում ենք բազմաթիվ անհանգստացնող զարգացումներ»,- ընդգծել է նա։
Ստուբի գնահատմամբ՝ ռուսական տարածքներին հասցվող հարվածները փոխում են պատերազմի ռազմավարական տրամաբանությունը և ամրապնդում Կիևի դիրքերը հնարավոր բանակցություններում։
«Երբ պատերազմը դառնում է անձնական, Ռուսաստանի բնակչությունը կարող է ընդդիմանալ դրան։ Դա մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ինչը, կարծում եմ, բոլորս շատ ենք ցանկանում»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ լարվածության հետագա սրացման վտանգը շարունակում է պահպանվել։ Ստուբի խոսքով՝ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ վերջերս ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջուկային էսկալացիայի հավանականությունը, և չինական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել նման սցենարի վերաբերյալ։
Ֆինլանդիայի նախագահը նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի կողմից նոր հիբրիդային հարձակումների և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո երկարաժամկետ անվտանգային սպառնալիքների։