Ստալինգրադի ճակատամարտի և դրան հաջորդող ընթացքի մասին նոր փաստաթղթեր են հրապարակվել

 ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադի  «Ստալինգրադի ճակատամարտ» թանգարանին է հանձնել գաղտնազերծված փաստաթղթեր` Ստալինգրադի ականազերծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА новости-ն:


Մեծ հաղթանակի օրվա նախօրեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը թանգարանին է փոխանցել գաղտնազերծված արխիվային փաստաթղթեր` Ստալինգրադի ճակատամարտի ռազմական գործողությունների ավարտից հետո քաղաքը ականներից մաքրելու մասին:


Նշվում է, որ քաղաքի ականազերծման աշխատանքները շատ բարդ են եղել, քանի որ գերմանական հրամանատարությունը ոչնչացրել է ականապատ դաշտերի տեղակայման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Ըստ ԱԴԾ-ի՝ նրանց գտնելու համար 1943 թվականի փետրվարին ստեղծել է հինգ աշխատակիցներից բաղկացած խումբ, որոնք հարցաքննել են վեց ճամբարներում գտնվող ռազմագերիների: Այդ ճամբարներում պահվել է ավելի քան  50 հազար մարդ։ Արդյունքում, ըստ գերատեսչության տվյալների, հայտնաբերվել են մոտ 300 ականապատ դաշտեր և տեղամասեր, որտեղ 200 հազար հակատանկային և հակահետևակային ական է դրված եղել։ Նաև հայտնաբերվեցին 4-ից 18 կիլոմետր երկարությամբ երթուղիներ, որտեղ նացիստները յուրաքանչյուրում մի քանի հազար ական են տեղադրել:


ԱԴԾ-ի տվյալներով՝ Ստալինգրադի ականազերծման վերաբերյալ նյութերին հնարավոր կլինի ծանոթանալ Վոլգոգրադի  «Ստալինգրադի ճակատամարտ» թանգարանում` մայիսի 1-ից։


Հիշեցնենք որ, Ստալինգրադի ճակատամարտը (հուլիսի 17, 1942 - փետրվարի 2, 1943 թ.) արմատապես փոխել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը և հնարավոր դարձրել  խորհրդային զորքերի հաղթանակը։

Քաղաքականություն