Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Դալասում կայացած հանդիպման ավարտից հետո Մարտինեսը նշել է, որ իր համար այս փուլն ավարտված է, և հավաքականին անհրաժեշտ է նոր առաջնորդ։


Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից (0-1) և պայքարը լքելուց հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ 


«Սա ցիկլի ավարտն է։ Կարևոր է, որ թիմն ունենա նոր ձայն, նոր առաջնորդ։ Ես ինձ հետ տանում եմ հիանալի հիշողություններ և հուսով եմ, որ Պորտուգալիան նույնպես լավ հիշողություններ կունենա այն երեքուկես տարիներից, որոնք անցկացրի որպես գլխավոր մարզիչ։ Սա իմ կյանքի ամենակարևոր փորձառությունն էր», - ասել է նա։


Մարտինեսը նաև ընդգծել է, որ հրաժարականի որոշումը նախապես չէր կայացրել։


«Ես եկել էի աշխարհի առաջնությունը հաղթելու նպատակով։ Քանի որ դա չստացվեց, իմաստ չունի շարունակել»,- նշել է մասնագետը։


52-ամյա մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը 2023 թվականի հունվարին՝ փոխարինելով Ֆերնանդու Սանտուշին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 հանդիպում՝ տոնելով 32 հաղթանակ, գրանցելով 6 ոչ-ոքի և կրելով 7 պարտություն։


Մարտինեսի գլխավորությամբ Պորտուգալիան 2024/25 մրցաշրջանում նվաճել է Ազգերի լիգայի գավաթը՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Իսպանիային։


Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իր աշխատանքը պետք է գնահատվի որպես ձախողում, Մարտինեսը կտրականապես չհամաձայնեց։


«Մենք չենք ձախողել։ Պարտվեցինք մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին։ Խաղացինք հավասար պայմաններում, պահպանեցինք մեր խաղաոճը և ցուցադրեցինք անհատական բարձր որակներ։


Հաղթանակն ու պարտությունը երբեմն որոշվում են մանրուքներով։ Ազգերի լիգան հաղթեցինք, իսկ այնտեղ ամեն ինչ որոշվեց 11-մետրանոցներով։ Ես ինձ հետ տանում եմ մեր կայուն խաղը, խփած գոլերի և հավաքած միավորների ցուցանիշը։ Դա ազգային հավաքականի մակարդակում շատ դժվար է ապահովել։


Մենք մինչև վերջին րոպեն պայքարեցինք և տվեցինք առավելագույնը։ Ֆուտբոլիստները օրինակելի էին։ Հենց դա է մարդուն դարձնում հաղթող՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ կյանքում»,- ասել է նա։


Հաղորդվում է, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Մարտինեսին փոխարինելու գլխավոր թեկնածուն Ժորժե Ժեզուսն է, ով նախորդ մրցաշրջանում «Ալ-Նասրում» աշխատելիս Կրիշտիանու Ռոնալդուի հետ դարձել էր Սաուդյան Արաբիայի առաջնության չեմպիոն։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250