ՔՊ-ում կադրային հարցը մնում է բաց. քարտուղարի թեկնածուն դեռ հայտնի չէ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռևս հստակեցված չէ, թե ում թեկնածությունն են առաջադրելու ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։
Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արուսյակ Մանավազյանը՝ հավելելով, որ թեկնածուի ընտրության վերաբերյալ դեռ քննարկում անգամ չեն արել։ Նա նշել է, որ որևէ որոշում չկա, որևէ պատգամավորի առաջարկ չի արել և որևէ մեկի անունը չի տվել՝ փաստելով, որ առաջիկայում քննարկում կանեն, թե ում թեկնածությունն են առաջադրելու, և որոշում կլինի։ Դիտարկմանը, թե ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ առաջադրվելու է ՔՊ պատգամավորի թեկնածու Ալխաս Ղազարյանի թեկնածությունը, Մանավազյանը պատասխանել է, որ որոշում չլինելու պատճառով չի մեկնաբանում այն։
Ալխաս Ղազարյանն իր հերթին պնդել է, որ ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում իր առաջադրվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ կարճ արձագանքելով, որ ընդհանրապես այդ մասին ո՛չ մտածում է, ո՛չ էլ առաջադրվելու է։
Գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։ Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում։
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հունիսի 25-ի նիստում էլ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։