Թրաֆիքինգի սարսափելի մասշտաբներ․ 59 երկրում հայտնաբերվել է ավելի քան 2000 զոհ, ձերբակալվել՝ 1000-ից ավելի մարդ
Թրաֆիքինգի դեմ «Գլոբալ շղթա» միջազգային գործողության ընթացքում 59 երկրում բացահայտվել են մարդկանց շահագործման ավելի քան 2 հազար զոհեր, իսկ ավելի քան 1000 անձ ձերբակալվել է՝ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների կասկածանքով։ Այս մասին հայտնել է Ինտերպոլը։
Ինտերպոլի տվյալներով՝ թրաֆիքինգի զոհերի թվում եղել են մարդիկ, որոնց ստիպել են զբաղվել սեռական շահագործմամբ, մուրացկանությամբ կամ ներգրավել հանցավոր գործունեության մեջ։ Զոհերի շուրջ 10 տոկոսը եղել են անչափահասներ, հիմնականում՝ Ամերիկայի երկրներից, որոնք ենթարկվել են սեռական շահագործման։
Գործողության ընթացքում իրավապահները բացահայտել են թրաֆիքինգի փոփոխվող մեթոդներ և նոր երթուղիներ։ Հանցավոր խմբերը մարդկանց հավաքագրելու համար օգտագործում են կեղծ աշխատանքի առաջարկներ արտերկրում, շահագործում են միգրացիոն հոսքերը և օգտվում տնտեսական դժվարություններից։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ մարդկանց տեղափոխել են այլ երկրներ՝ նրանց հարկադիր աշխատանքի կամ հանցավոր գործունեության մեջ ներգրավելու նպատակով։
Բացահայտված դեպքերից մեկի ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է խումբ, որը մարդկանց տեղափոխել է Կամբոջա և ստիպել աշխատել առցանց խարդախության կենտրոններում։ Բելգիայում էլ 17 մարդ է ձերբակալվել՝ անչափահասների հավաքագրման և նրանց Բելգիայում ու Ֆրանսիայում սեռական շահագործման ենթարկելու կասկածանքով։
«Գլոբալ շղթա» (Operation Global Chain) անվանումը կրող գործողությունն իրականացվել է հինգ օրվա ընթացքում՝ Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում։
Գործողությունը նպատակ ուներ բացահայտել մարդկանց թրաֆիքինգի միջազգային ցանցերը, կանխել մարդկանց շահագործումը և հայտնաբերել հանցավոր խմբերին։ Այն իրականացվել է Ռումինիայի և Ավստրիայի համակարգմամբ՝ Ինտերպոլի, Եվրոպոլ-ի, Ամերիպոլ-ի և Frontex-ի աջակցությամբ։
Ինտերպոլը նշել է, որ մարդկանց թրաֆիքինգը շարունակում է մնալ կազմակերպված հանցավորության ամենատարածված և եկամտաբեր ուղղություններից մեկը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ նման հանցավոր ցանցերի դեմ պայքարը հնարավոր է միայն երկրների համատեղ և համակարգված գործողությունների միջոցով։
Գործողությանը մասնակցել են տասնյակ երկրներ Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից և այլ տարածաշրջաններից։