Մերցը մարտահրավեր է նետում Ֆոն դեր Լեյենին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ձգտում է վերականգնել երկրի առաջատար դերը եվրոպական քաղաքականության մեջ՝ հրապարակայնորեն քննադատելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին բյուջետային, բնապահպանական, պաշտպանության և առևտրային հարցերով, հաղորդում է Bloomberg-ը։


Հրատարակության աղբյուրի խոսքով՝ Մերցը «իրավիճակը վերցնում է իր ձեռքը», ինչը նրան դնում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հնարավոր հակամարտության ճանապարհին, ով վերջին տարիներին ամրապնդել է Բրյուսելի ազդեցությունը և խրախուսել է ԵՄ-ի նկատմամբ դաշնային մոտեցումը:


«Պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Մերցը սկսեց հրապարակավ մարտահրավեր նետել Հանձնաժողովի նախաձեռնություններին: Օրինակ՝ հուլիսին նա մերժեց ֆոն դեր Լեյենի առաջարկը՝ ԵՄ երկարաժամկետ բյուջեն մինչև 2 տրիլիոն եվրո ավելացնելու և նոր հարկեր մտցնելու վերաբերյալ: «Ինչ վերաբերում է Գերմանիային, մենք այս ճանապարհով չենք գնա», - հայտարարեց կանցլերը: Նույն ամսին նա քննադատեց ԵՄ-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև երկարատև բանակցությունները և մտահոգություն հայտնեց ԱՄՆ արտահանվող եվրոպական ապրանքների մեծ մասի վրա 15% մաքսատուրք սահմանելու համաձայնագրի վերաբերյալ:


Օգոստոսի վերջին ֆոն դեր Լեյենը հայտարարեց հրադադարից հետո անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայի տարածքում զորքերի տեղակայման ճանապարհային քարտեզի մշակման մասին։ Նա նաև նշեց, որ հանձնաժողովը ուսումնասիրում է ֆինանսավորման նոր աղբյուրներ՝ Ուկրաինայի զինված ուժերին կայուն աջակցություն ապահովելու համար։


Մերցը, իր հերթին, հայտարարեց, որ Գերմանիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա մինչև հրադադարի կնքումը։ Նա ընդգծեց, որ Ուկրաինայում ցամաքային ներկայության հարցը ներկայումս չի քննարկվում և հույս հայտնեց հակամարտության արագ ավարտի վերաբերյալ, բայց ոչ «ցանկացած գնով»։ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած տեղակայմանը Ուկրաինայի տարածքում։


Մերցը իր դիրքորոշումները կներկայացնի ԵՄ առաջնորդներին չորեքշաբթի օրը Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովում, որտեղ, ինչպես սպասվում է, կրկին կբարձրացվեն ազգային կառավարությունների և Բրյուսելի միջև ուժերի հավասարակշռության վերաբերյալ հարցերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Քաղաքականություն