
Հայկ Սարգսյանը սեփական կարծիք ունի․ շուտով իր հարցերը կլուծեն. Աղազարյան

Այսօր էլ արտահերթ ընտրությունների գաղափարը արդիական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Երկու խանգարող հանգամանք կա, մեկն այն է, որ փաստորեն արդեն հինգերորդ տարին է լրանում պատգամավորների, և հոգեբանական բան կա, եթե որևէ մեկը հինգ տարի անընդմեջ լինում է մի գումարման պատգամավոր, ապա ինքը պատգամավորի թոշակ է ստանալու հետագայում։ Ինձ դա չի վերաբերում, որովհետև ես արդեն մի անգամ եղել եմ հինգ տարի։ Սա կարող է խանգարող հանգամանք լինի։ Մյուսը այն է, որ այսօր դեռ վառ է իմպիչմենթի կրակը, և հետևաբար հրաժարականի դեպքում հենց այդ իրավիճակը կարող է առաջանալ։ Այս երկու հանգամանքը կաշկանդում են, հիմա պետք է իրենք կշռադատեն։ Եթե ես լինեի թիմում, ես կառաջարկեի արտահերթ ընտրություններ։ Ես գտնում եմ, որ օրակարգում այդ հարցը կա, դուրս եկած չի»- ասել է նա։
Անդրադառնալով ՔՊ համագումարին, Աղազարյանն հավելել է, որ իր համար այդտեղ անակնկալ չկար.
«ՔՊ վարչության կազմը մեծացնելն էլ պայմանավորված էր նրանով, որ այնտեղ մեկ-երկու հոգի կային, որոնք պիտի ընտրվեին, որոնք որոշակի դիմագիծ ունեցող անհատներ են, որպեսզի նրանց դիմագիծը խառնվի ընդհանուր այդ միջինացված գորշ մասսային։ Անուններ չտամ, դուք էլ գիտեք՝ ովքեր են այդ տիպի մարդիկ։ Սա Նիկոլ Փաշինյանը շատ ձեռնտու տարբերակ է, որ գորշ, միջինացված, անդեմ մասսա լինի, որ ինքը ինչ ուզենա բերի, անցկացնի և ինքը թիմի որոշումները կատարի որպես թիմի լիդեր»,- նշել է Աղազարյանը։
Աղազարյանը նորմալ է համարում, որ ՔՊ-ում տարաձայնություններ կան.
«Բայց թիմը կուռ է իր անդեմության իմաստով։ Շատ-շատերը իրենց դիմագծից ահագին զոհել են և բոլորը միասին դառել են միջինացված մի կերպարի առանձին մասնիկներ։ Հիմա ավելի ու ավելի քիչ են սեփական կարծիք ունեցողները։ Հայկ Սարգսյանը միշտ էլ այդպիսին էր, հիմա շուտով իր հարցերը կլուծեն ամենայն հավանականությամբ։ Էլի կան մեկ-երկու հոգի, որոնք կամ աջ կքաշեն, կամ նույնպես կհեռացվեն»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։