Ալիևին ձեռնտու է, որ Փաշինյանը հաղթի ընտրություններում. Աղազարյան

Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը շատ մեծ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ մեծագույն սեր ունեն իրենց սեփական անձի նկատմամբ և իրենցից այն կողմ էլ աշխարհ չեն տեսնում։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Անդրադառնալով նրանց միջեւ առկա հակամարտությանը և սուր քննադատությանը։


«Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հանդուրժել երբեք, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը մի դրական բան անի Հայաստանի և հայ ժողովրդի համար, որ իր անունը մնա պատմության մեջ։ Ինքը պիտի մնա առաջին նախագահ, հաղթանակած նախագահ։ Ես այն բառապաշարը, որ նրանք օգտագործում են միմյանց նկատմամբ, համարում եմ անթույլատրելի։ Ամենախիստ բառը, որ ես ասել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, «սև հանճարն» է, դա էլ իր մեջ դրական բան է պարունակում։


Բոլոր դեպքերում Լևոն Տեր-Պետրոսյանը միտք ունի, խոսք ունի, կարող է որոշակի ազդեցություն ունենա գործընթացների վրա, թիմում էլ բավականին լուրջ մարդիկ կան, և հետևաբար Նիկոլը աջ-ձախ պետք է ինչքան կարող է իր հակառակորդներին չեզոքացնի, մեկին բանտով, մեկին նման խոսքերով։ Ինքը արդեն այն վիճակում է հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանք կունենա իր համար։


Ինքը մի շարք օրենքներ է խախտել, դրա համար պետք է պատասխան տալ։ Ես կարծում եմ, որ կարող է այնպիսի իշխանություն լինի, որ Փաշինյանը կանգնի դատարանի առջև։ Այո, այդ հավանականությունը կա, որ Փաշինյանը ընտրության առջև է, կամ հաղթում է, կամ կանգնելու է դատարանի առջև։ Դրա համար ինքը թիմին փչացնում է այդ իմաստով, որ բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ամեն գնով, անգամ իրենից էլ շատ»,- ասել է պատգամավորը։


Խոսելով «չորրորդ հանրապետության» գաղափարի մասին, Աղազարյանն ասաց, որ Փաշինյանը դա հորինել է, որ իր ուզած շատ բաներ սղղացնի, անցկացնի, օրինակ, Ալիևի ուզած Սահմանադրությունն ընդունի, փոխի զինանշանը և այլն, և արդյունքում Հայաստանը մնա 10 հազար քկմ. 


«Պետք է նորություն չլիներ վարչապետի համար, որ Ալիևը տարածքային պահանջ ունի. «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը ինչի՞ համար է, 300.000, այսպես կոչված, փախստականների վերադարձը Հայաստան հենց այդ տարածքային պահանջների հետագա իրացման կարևորագույն քայլերից մեկն է, ըստ իրենց ծրագրի։ 


Դա իրենք հետևողականորեն անում են: Վարչապետը շատ լավ գիտեր այդ մասին և հետևաբար այն, որ ասում է, թե խաղաղություն է բերել, բառերով չի լինում։ Խաղաղությունը պիտի մի իրավիճակ լինի, որ կողմերին համար այլ տարբերակ չլինի, քան խաղաղությունը, պատերազմական ճանապարհով հարց լուծելը դառնա աննպատակահարմար։ Բայց քանի որ այսօր այդ վիճակը չի, հետևաբար խաղաղություն մենք չունենք։ Մենք պատերազմական իրավիճակում ենք իրականում։ Եվ այնպես չի, որ պատերազմների ժամանակ մարդիկ Նոր տարի չեն արել, ծնունդ չեն արել, մարտի 8 չեն արել։ Այդ ձևով չեն որոշում խաղաղություն է, թե խաղաղություն չի։


Այն, որ մի տարի յոթ ամիս զինվոր չի սպանվել, դա ոչինչ չի նշանակում։ Ալիևը ինչ-որ իմաստով, կուտ է տալիս, որ ինչ-որ բաներ պոկի։ Իհարկե Ալիևը շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց ռիսկ կա, որ կարող է և չընտրվի։ Հետևաբար Ալիևը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ էլ ճնշի, էլի բաներ կորզի, քանի հնարավորություն կա։ Դրա համար կրակոցներ չեն լինի, որ ասեն՝ խաղաղություն է, մեզ ընտրեք»,- ասել է Աղազարյանը։


Հարցին՝ ինչ կլինի Ալիևի համար, եթե Փաշինյանը չվերընտրվի, նա պատասխանել է. «Նախ Ալիևը և Ադրբեջանը պետք է վստահ լինեն, և այդպես էլ կա, որ ով էլ գա Հայաստանում իշխանության, կնքած որևէ փաստաթղթից չպետք է հրաժարվի։ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող իրեն այդպիսի բան թույլ տալ, ուղղակի պետք է այդ փաստաթղթերով առաջ եկած մարտահրավերները ճիշտ կառավարի։ Օրինակ, վերցնենք «Թրամփի ուղին»։ Եթե Հայաստանին հաջողվի այդ ուղու շինարարությանը ներգրավել Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին, ապա դա կլինի հիանալի պրոյեկտ Հայաստանի համար։


Եթե չհաջողվեց, արդյունքում մնաց Թուրքիան և Ադրբեջանը, դա կլինի այն միջանցքը, որը Ալիևը ասում էր իր բոլոր հետևանքներով»,- հավելել է պատգամավորը։

Քաղաքականություն