
Հայաստանը դիմագրավում է մարտահրավերի․ վայ այն ժողովրդին, որ չունի կամք ու հույս․ Արամ Ա Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պատգամ է հղել։ Արամ Առաջինն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրանքաչյուր հայի և ողջ հայության պարտավորությունն է։
«Որևէ ազգի համար իր անկախությունը սրբազան արժեք է ու իրավունք և միաժամանակ դրա առողջ ու հզոր պահպանումը նվիրական պարտավարություն է։ Ճիշտ է, այսօր Հայաստանը դիմագրավում է տագնապների ու մարտահրավերի՝ ներքին, թե արտաքին։ Ճիշտ է, այսօր Հայաստանն այն չէ, ինչ որ մեր երազում տասնամյակներ շարունակ ցանկացել ենք ունենալ։ Սակայն նույն երազն ու իդեալը պետք է պահպանել։ Վայ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս։
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը տոնակատարությունից բացի պետք է դառնա հրավեր՝ ամուր ու կանգուն պահելու մեր Հայրենիքը՝ հեռու ամեն տեսակ ներքին բևեռացումներից։ Հայաստանը ողջ հայության Հայրենիքն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները պետք է մոտենան Հայաստանին։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ Հայաստանի պետական պատասխանատուները պետք է մոտենան Սփյուռքին։
Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով մենք կորցրեցին Արցախը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության կարևոր կռվաններից մեկը։ Ապրենք ու գործենք այնպես, որ Հայաստանը երբեք հեռու չմնա Սփյուռքից և Սփյուռքը՝ Հայաստանից։ Հայաստանն ու Սփյուռքն իրարից հեռացնելը կամ անջատելը ազգային հերետիկոսություն է։
Արդարև, Հայաստանի անկախության նշումը պատգամ է ողջ հայությանը՝ համախմբվելու Հայաստանի Հանրապետության գերագույն արժեքների՝ հողային ամբողջականության, անվտանգության ու գերիշխանության անխաթար պահպանման ու առավել հզորացման շուրջ։ Այս գիտակից հանձնառությամբ միայն մեր Հայրենիքի անկախության նշումն իր ճշմարիտ ու ամբողջական իմաստն ու նպատակը կստանա»,- մասնավորապես նշված է Արամ Առաջինի պատգամում։