ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. «Հետք»

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են հարյուրապատիկ ավելի բարձր գնով։ Այս մասին գրում է «Հետքը»։


Ինչպես հայտնի է, վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:


Լրատվականը հայտնել է, որ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում` տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։


«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։ Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։


Լրատվամիջոցը զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվել է` ոչ։ Նույն հարցով «Հետքը» դիմել է նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական է եղել։


Սրան զուգահեռ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից ժամեր անց դրանցից հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում է 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։


«Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ում բոլոր տեղերը նախապես ամրագրված են եղել ՀՖՖ-ի կողմից։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ նույն հատվածի տոմսերը վաճառվում էին viagogo.com կայքում։ Եթե ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի տոմսերի արժեքը 14-20 հազար դրամ էր, ապա վերը նշված կայքում՝ 624000 դրամ։ Առկա էր երկու տեղ՝ կողք կողքի։ Նույն պատկերն էր նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում։ ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի մեկ տոմսի արժեքը 14000 դրամ էր, viagogo.com կայքում՝ 375000»,–գրում է լրատվամիջոցը։


Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Հետքին» չեն պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն այս օրերին, այլ նաև միշտ պայքարում է սև շուկայում տոմսերի վերավաճառքի դեմ՝ իր միջոցներով և հնարավորությունների սահմանում։ Այս ընթացքում ՀՖՖ-ի կողմից արգելափակվել են հարյուրավոր օտարեկրյա անձնագրերով, բայց նույն IP-ով օգտատերեր, որոնք փորձել են մուտք գործել tickets.ffa.am: 1 երկրպագուն Պորտուգալիայի դեմ խաղին հնարավորություն է ունեցել գնելու 2 տոմս։ Սա արվել է այն պատճառով, որ մեկ անձը չկարողանա գնել մի քանի տոմս և զբաղվել վերավաճառքով»,- հայտնել են ՀՖՖ-ից։

Քաղաքականություն

Պատահարներ