Քաղաքականություն

Առուշանյանի անշարժ գույքերը չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող. «Հետք»

Vika B. 856 դիտում
Առուշանյանի անշարժ գույքերը չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող. «Հետք»

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանն անշարժ գույքերի մասով արագացված դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու որոշում է կայացրել: Այս մասին գրել է «Հետքը»:


Նշվում է, որ դատախազության՝ դրամային պահանջների մասով, գործից վարույթ է առանձնացրել՝ քննելու նպատակով:


2024թ. հունվարից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Գլխավոր դատախազության անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումը՝ Առուշ Առուշանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Պահանջվում է բռնագանձել


Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 28.000.000 դրամ,


Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 39.750.000 դրամ,


Գորիս համայնք, Վերիշեն գյուղ, 1-ին փողոց, թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում` դրա միջին շուկայական արժեքը՝ 7.000.000 դրամ,


Գորիս քաղաք, Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81 տոկոսը՝ 1.613.760 դրամ,


253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,


370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ:


Մոտ երկուսուկես տարի գործը քննելուց հետո Առուշ Առուշանյանի անունից միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ արագացված դատաքննություն կիրառելու և հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժելու վերաբերյալ:


Մասնավորապես՝ միջնորդության մեջ նշվել է, որ հայցադիմումը չի պարունակում որևէ փաստ կամ փաստարկ, ոչ էլ որևէ իրավական հիմք կամ հիմնավորում՝ ենթադրյալ հանցագործության և ակտիվի ավելացման կապի վերաբերյալ:


Հղում կատարելով Սահմանադրական դատարանի (ՍԴ) 2025թ. ապրիլի 16-ի որոշմանը, Առուշ Առուշանյանի ներկայացուցիչները նշել են, որ ՍԴ-ն ամրագրել է՝ անհրաժեշտ է կապ համապատասխան հանցանքի և գույքի միջև, ինչն այս գործով դատախազությունը չի ապահովել, հետևաբար առկա է անհամապատասխանություն ՍԴ որոշման հետ։


Դատախազության ներկայացուցիչն առարկել է ներկայացված միջնորդությանը՝ ներկայացնելով հակափաստարկներ՝ շեշտելով հատկապես Ա. Առուշանյանի կողմից 2017թ. «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրված ընդհանուր 307.060.000 դրամ փոխառության մասին։


2025թ. հուլիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Լիլի Դրմեյանի, որոշել է Առուշ Առուշանյանի միջնորդությունը բավարարել մասնակի՝ կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը միայն Գորիս քաղաքի Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/2 բնակելի տան, Վերիշեն գյուղի 1-ին փողոց, թիվ 2 արտադրամասի և հողամասի, ինչպես նաև Գորիս քաղաքի Զ. Անդրանիկ փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 16,81%-ի՝ 1.613.760 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով:


Վճիռը պետք է հրապարակվի 2025թ. օգոստոսի 12-ին:


Դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1776 որոշումից հստակ է՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման ենթակա չի կարող լինել այն գույքը, որը ձեռք է բերվել անձի՝ պաշտոն ստանձնելուց առաջ, և այդ գույքերի բռնագանձման պահանջներով ընդհանուր կարգով գործի քննության շարունակումը չի բխում գործի արդյունավետ և արդարացի լուծման նպատակներից։ Այսինքն՝ վերը նշված գույքերը չեն կարող գնահատվել որպես ապօրինի ծագում ունեցող, ուստի ակնհայտ է վերոնշյալ գույքերի՝ ապօրինի ծագում ունենալու հիմքով բռնագանձման պահանջների անհիմն լինելը։


Դատարանը գործից առանձին վարույթում առանձնացրել է Գլխավոր դատախազության հետևյալ պահանջը.


«Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.


253.583.891 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,


370.077.000 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ»։


Այդ մասով գործի քննությունը դարձյալ իրականացնելու է դատավոր Լիլի Դրմեյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից