
Պատմության ուրացում, ազգային պառակտում՝ Հայաստանի զրոյական կետը․ Արա Այվազյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հոդված է հրապարակել.
«Այն ամենը, ինչը կատարվել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպես, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները «զրոյական կետից» սկսելու որոշումը դիվանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամյակների բանակցային ժառանգությունն ու զոհողությունները՝ ժողովրդին հայտարարվեց, որ Արցախյան պայքարը սխալ էր կամ առասպել։ Նույն կերպ այսօր «զրոյական կետից» է նախանշվում քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ձգտելով կարգավորել հարաբերությունները մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հրապարակավ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Խոսվում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակվում են արդարության դռները։ Խոսվում է «կառուցողական» երկխոսության մասին՝ լռեցնելով 1915-ի հիշողությունը։
Եվ մինչ արտաքին ճակատում «սրբագրվում է» պատմությունը, ներսում լռեցվում է ընդդիմախոսությունը։ «Պետական հեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացվում են ձերբակալությունները, գրաքննությունը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնհայտ է. իրական վտանգը, որից վախենում են օրվա իշխանությունները, բռնությունը չէ, այլ՝ այլակարծությունը։ Ոչ թե «հեղաշրջում» է կանխվում, այլ վերացվում են քաղաքական բազմակարծության վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպված է խոսել միայն իշխանությունների կողմից պարտադրված պաշտոնական լեզվով։
Այս վտանգավոր խաղերը՝ այսպես կոչված «զրոյական կետերը», վերածվում են մեկ ընդհանուր ռազմավարության: Հիմա, թվում է, ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգը՝ իր պատմությամբ, հիշողությամբ ու արժանապատվությամբ, զոհաբերվում է այդ զրոյական կետին։ Զրոյական կետերը տարբեր խորհուրդներ են ունեցել մի շարք ազգերի համար: Եթե Նյու Յորքի Զրոյական կետը դարձավ հավաքական հիշողության և դիմադրության խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կետը կառուցվում է որպես պատմական ուրացման, ազգային պառակտման և հոգևոր պարտության հուշակոթող։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կառուցվում է արժանապատվության հիմքով։ Իսկ արժանապատվությունն անհնար է առանց հիշողության։ Սա է այն միակ ճանապարհը, որը կերաշխավորի ունենալ այն Հայաստանը, որն իրոք իրական է»,- գրել է ՀՀ նախկին արտգործնախարարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում