
Սա ո՞վ պետք է քանդի. պատասխանատվությունը կրում է ՔՊ–ն. Թովմասյանը` Գլխավոր դատախազին

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկմանը ցույց է տվել մի լուսանկար, որտեղ, ըստ նրա ունեցած տվյալների` ՔՊ-ական գործարար, «Կապավոր ընկերություն» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի տունն է։
Թովմասյանը դատախազին հարց է ուղղել` ինչո՞ւ նա նույն հետևողականությամբ այդ հարցին չի տալիս քրեաիրավական գնահատական այն դեպքում, երբ սրա մասին բազմիցս բարձրաձայնվել է, մի քանի անգամ հաղորդումներ է ներկայացվել։
«Միգուցե դուք, ամենայն հավանականությամբ, չեք ստացել այդ sms–ը և չկա քաղաքական նպատակահարմարություն` ՔՊ–ի սիրելի գործարարին պատժելու, իսկ հիմա եկել եք, ասում եք` Արծվիկ Մինասյանը տարածքը չի քանդել։ Բա, սա ո՞վ պետք է քանդի։ Ի դեպ, այդ ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը Էրիկ Գրիգորյանն էր, Գեղարքունիքի մարզպետը` Գնել Սանոսյանը, և ամբողջական պատասխանատվությունը կրում է ՔՊ–ն»,– հայտարարել է պատգամավորը։
«Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանին, ապա նա` որպես բնապահպանության նախարար, այդ տարիներին իր լիազորության շրջանակում թաքցրել է որոշակի տվյալներ, այդ թվում այն, որ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալով շենք` այն ներկայացվել է որպես դատարկ հող և իբր տրվել ներդրման։ Մինչդեռ դա ոչ թե ներդրում էր, այլ մասնավոր սեփականություն»,– հայտարարել է Վարդապետյանը։