Իրանի մի շարք տարածաշրջաններում երկարաձգվել է չվերթերի արգելքը

Իրանի մի շարք տարածաշրջաններում ներքին և միջազգային չվերթերի արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 2-ի ժամը 13: 30-ը՝ հնարավորություն թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ թռիչքների համար: Այս մասին հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։


«Մինչև հուլիսի 2-ի ժամը 13.30-ը երկարաձգվել է Իրանի հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս չվերթերի չեղարկումը», - հայտարարել է նա:


Ընդ որում, պաշտոնյայի խոսքով, երկրի կենտրոնական և արևմտյան հատվածների օդային տարածքը բաց է մնում միջազգային տարանցիկ ավիաչվերթերի համար, իսկ երկրի արևելյան հատվածը բաց է ինչպես տարանցիկ, այնպես էլ Իրանի այդ հատվածից իրականացվող միջազգային և ներքին չվերթերի համար: