
Ինչպես է պետականացվելու ՀԷՑ-ը. Մհեր Գրիգորյանը մանրամասնել է

Ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի «Հայաստանի էլեկտրական ցանցերին», կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասել է նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը նշել էր որ հանձնարարական է տվել պետական կառույցներին՝ գտնել մեխանիզմներ, որ փոխհատուցվի ՀԷՑ–ի կողմից ժողովրդին պատճառված վնասը, Մհեր Գրիգորյանն ասել է.
«Գիտեք, հանձնարարականը եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Այո, կա հանձնարարական և աշխատանքները ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշում ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել:
Ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն, առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի»։
Հարցին՝ ինչպե՞ս է մասնավորի գույքը պետականացվում, ի՞նչ մեխանիզմներ կան, փոխվարչապետն ասել է.
«Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի սահմանադրությունը, օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են։
Ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։
Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել «էներգետիկայի մասին» օրենքը մի հատ թերթել, որովհետև այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, կրիտիկական ենթակառուցվածքներ էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան։ Այդ իմաստով ես այս պահին էլ ավել բան չէի ցանկանա ասել կամ մեկնաբանել»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՀԷՑ–ը գրավադրված է, արդյոք դա խնդիր չի ազգայնացնելու համար, նա պատասխանել է.
«Ես վստահեցնում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։
Պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական, առավել ևս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը և վստահեցնում եմ, որ այդ պարագայում որևէ արտառոց իրավիճակ չի լինի»։