Քաղաքականություն

ՍԴ-ում ընտրական վեճ․ երեք ուժ պահանջում է փոխել մանդատների բաշխումն ու վերաքվեարկություն անցկացնել

ՍԴ-ում ընտրական վեճ․ երեք ուժ պահանջում է փոխել մանդատների բաշխումն ու վերաքվեարկություն անցկացնել

Սահմանադրական դատարանում 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննության ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ներկայացնելով հայցի հիմնավորումները, հայտարարեց, որ առկա են բոլոր հիմքերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի 259-Ա որոշումն ու ընտրական արդյունքներն անվավեր ճանաչելու համար:


«Մեր կողմից դիմումում ձևակերպվել է հետևյալ կերպ՝ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, և սահմանվի մանդատների բաշխման նոր կարգ, կամ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ»,- նշեց Արամ Վարդևանյանը:


«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն իր հերթին խնդրեց անվավեր հայտարարել ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը, ինչպես նաև անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները։ Նա պարզաբանեց, որ 3 ընտրատեղամասերում ձայների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 3500, մինչդեռ ԲՀԿ-ին ընտրական շեմն անցնելու համար պակասում էր ընդամենը 156 ձայն։ Ըստ Դրմեյանի՝ արդյունքում կարող էր փոխվել խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունն ու թվակազմը, մանավանդ որ արձանագրված խախտումները ԲՀԿ-ի օգտին չէին և, հետևաբար, կարող էին ազդել ընտրական արդյունքների վրա։


Լիպարիտ Դրմեյանը նաև հիշատակեց ԿԸՀ արձանագրումն այն մասին, որ 3 ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընդհանուր արդյունքի վրա, և հավելեց ԿԸՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ վերաքվեարկությունը կխախտեր ընտրողների հավասարությունը, քանի որ քաղաքացիների մի խումբ կհայտնվեր մյուսների համեմատ էապես տարբերվող ելակետային պայմաններում։



«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանը ներկայացրեց թվաբանական հաշվարկների անճշտություններն ու խախտումների վրա հիմնված 7 հիմքեր, որոնք, նրա պնդմամբ, բավարար են փաստելու համար, որ ընտրությունները չեն արտահայտում քաղաքացիների իրական կամքը։


«Հայցում եմ անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀ ԿԸՀ-ի՝ 14.06.2026 թվականի թիվ 259-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը:


Դատարանում ընթացող գործընթացում քաղաքական մյուս 4 ուժերի ներկայացրած ՍԴ դիմումների հայցերի քննությունը դեռևս շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250