Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին
Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հետ:
Մայր Աթոռի տեղեկացմամբ՝ երիտասարդներին ուղեկցել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, կառույցի Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը, ով Նորին Սրբությանը ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները: Նա շեշտել է այդ նախաձեռնությունների դերը սփյուռքի երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարգացման, ինչպես նաև հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կապերի սերտացման հարցում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայրական օրհնություն ու պատգամ հղելով ներկաներին, գոհունակությամբ նշել է, որ ՀԲԸՄ-ն իր գլոբալ կառույցներով միավորում է հայությանը և ազգապահպանության շրջանակում կյանքի է կոչում կրթական, մշակութային ու երիտասարդական տարաբնույթ ծրագրեր՝ սերտորեն գործակցելով Հայոց Եկեղեցու հետ:
Վեհափառ Հայրապետը դրվատանքով է խոսել ՀԲԸՄ-ի ամենամյա կրթադաստիարակչական և հայրենաճանաչության ծրագրերի մասին, որոնց միջոցով սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստանում ճանաչել հայրենիքը, նրա պատմությունը, հոգևոր ու մշակութային արժեքները և անմիջականորեն հաղորդակից լինել հայրենի կյանքին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայրենիքի ճանաչողությունը հիմնարար նախապայման է ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև հայրենի երկրի հանդեպ սիրո ու պատասխանատվության զգացումի ամրապնդման համար:
Հայոց Հայրապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը մնայուն հետք կթողնի երիտասարդների հոգում՝ զորացնելով նրանց ազգային ոգին ու գիտակցությունը, ինչն էլ խթան կդառնա հայրենիքում ստացած գիտելիքներն ու փորձը ի նպաստ սեփական համայնքների զարգացման և հայրենիքի առաջընթացի ծառայեցնելու համար: