Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ նախնական տվյալներով չեն լինի
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով 2026 թվականին ծիրանի արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ չեն սպասվում։
Նախնական տվյալներով 2026 թվականին ծիրանի արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ չեն լինի, բացի այդ, բերքի զգալի մասը մթերվում է չոր մրգերի, պահածոների ու հյութերի արտադրության նպատակով, ինչպես նաև սպառվում է տեղական շուկայում։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են էկոնոմիկայի նախարարությունից։
Լրատվամիջոցը, մասնավորապես, խնդրել էր պարզաբանել, թե Ռուսաստան ներկրման արգելքի պարագայում գերատեսչությունն ինչպե՞ս է գնահատում 2026 թվականին ծիրան արտադրողների և արտահանողների հնարավոր ֆինանսական կորուստների ռիսկերը, և արդյոք առկա՞ են այդ կորուստների նախնական հաշվարկներ կամ սցենարային գնահատումներ։
Ռուսաստանի հետ վարվող բանակցությունների վերաբերյալ գերատեսչությունից հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնության տարածք հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ կապված հարցերի քննարկման նպատակով էկոնոմիակայի նախարարության նախաձեռնությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ ակտիվ բանակցություններ և քննարկումներ են ընթանում ԵԱՏՄ հարթակում՝ ՌԴ-ի կողմից կիրառվող առևտրային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»։
NEWS.am-ը խնդրել էր տեղեկատվություն տրամադրել նաև ՌԴ արտահանվող ընդհանուր ծավալի մեջ ենթակարանտինային արտադրանքի չափաբաժնի, ինչպես նաև հայ ֆերմերների կրած վնասների վերաբերյալ։ Սակայն էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի թվային տվյալ չի տրամադրել՝ հայտնելով, որ այդ տվյալները պետք է ստանալ Պետեկամուտների կոմիտեյից ու ՍԱՏՄ-ից։
Էկոնոմիկայի նախարարությունից հիշեցրել են, որ կառավարության հունիսի 4-ի 800-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը, որի շրջանակներում կտրամադրվի փոխհատուցում։
Բացի այդ, հունիսի 4-ի 803—ն որոշմամբ կատարվել են լրացումներ «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» 98-Ն որոշման մեջ, որով կփոխհատուցվի նաև հայկական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների Եվրոպական միության երկրներ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանման ժամանակ ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը։
Փոխհատուցում ստանալու դիմումների ընդունումը կմեկնարկի 2026 թվականի հուլիսի 1-ից։