Գերմանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակված տղամարդուն
Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու 2024 թվականին Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակվելու համար, որի հետևանքով վեց մարդ էր զոհվել, հայտնում է Bild-ը։
Ծագումով Սաուդյան Արաբիայից 51-ամյա Թալեբ ալ-Աբդուլմոհսենը ցմահ բանտարկության է դատապարտվել հունիսի 26-ի առավոտյան։ Մագդեբուրգի երկրամասային դատարանը կայացրել է առավելագույն խիստ դատավճիռը 2024 թվականի վերջին սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց վրաերթի ենթարկելու գործով՝ մեղադրյալին նշանակելով պատժի առավելագույն չափը։
Հարձակումը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 19:02-ին, երբ տոնավաճառը լեցուն էր Սուրբ Ծնունդը նշող մարդկանցով։ Հանցագործը վարձակալած BMW մեքենայով արագությամբ մխրճվել էր ամբոխի մեջ։ Պատահարի հետևանքով զոհվել էին 9-ամյա մի տղա և 45-ից 75 տարեկան հինգ կանայք, իսկ ավելի քան 200 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ոստիկանությունը ալ-Աբդուլմոհսենին ձերբակալել էր անմիջապես հանցագործության վայրում։
Մեղադրական կողմի վարկածով՝ նա հարձակումը ծրագրել էր իրականացնելուց երկար ժամանակ առաջ և գործել էր միայնակ՝ անձնական դրդապատճառներից ելնելով և առանց որևէ լուրջ գաղափարական նպատակ հետապնդելու։ Դատահոգեբուժական փորձագետի եզրակացության համաձայն՝ հանցագործի մոտ ախտորոշվել է անձի նարցիսիստական խանգարում և ուշադրության կենտրոնում լինելու մեծ ցանկություն։
Հարձակման գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 10-ին։ Դատարանը լսել էր 109 վկայի ու 8 փորձագետի, իսկ 204 տուժածներ գործին միացել էին որպես համահայցվորներ։
Բացի այդ, մայիսին Համբուրգում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել էր Սիրիայի 17-ամյա մի բնակիչ։ Քննության վարկածով՝ դեռահասը ծրագրում էր հարձակում իրականացնել հասարակական վայրում, իսկ հնարավոր թիրախների թվում եղել են առևտրի կենտրոն, բար և ոստիկանական բաժանմունք։ Քննիչների կարծիքով՝ նա կապված է եղել ահաբեկչական կազմակերպության հետ։