Փաշինյանը Հայաստանում ընտրություններ է կեղծել. Մարիաննա Ղահրամանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել բազմաթիվ խոստումներով, սակայն այս 8 տարիների ընթացքում դրժել է դրանք և հերթով կատարել այն ամենը, ինչը նախկինում քննադատում էր որպես ընդդիմություն։
Նրա պնդմամբ՝ Փաշինյանի վերջին քայլը ընտրություններ կեղծելն էր, այն դեպքում, երբ 2020 թվականին հայտարարում էր, թե Հայաստանում ընտրակեղծիքների էջը փակված է և ինքը պատրաստ է կտրել իր երկու ձեռքերը: Խոսնակը նշել է, որ շուրջ 100 000 քաղաքացու ձայների հետ կապված կան լրջագույն հարցեր ու կասկածներ: Նա հարցադրումներ է արել, թե արդյոք պատահական է, որ անձնագրերը նույնականացնող սարքը չի ճանաչել 80 000 քաղաքացու, և որ առանց հանրային վերահսկողության՝ գաղտնի փակ ցուցակով քվեարկել է շուրջ 18 000 մարդ: Ղահրամանյանի ձևակերպմամբ՝ հենց այս ընդհանուր 100 000 ձայնով է գործող խմբակն իբրև թե առաջ անցել քաղաքական ընդդիմությունից։
Մարիաննա Ղահրամանյանը նաև հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում բռնապետություն հաստատել: Նա մատնանշել է այսօր հայտնի դարձած տեղեկությունը, ըստ որի՝ կառավարությունը մտադիր է վերահսկողություն սահմանել քաղաքացիների անձնական բջջային հեռախոսների վրա, ինչը, ըստ մասնագետների ահազանգերի, լրջագույն խնդիր է և հերթական միջոցն է հսկողության տակ պահելու ընդդիմախոսներին ու սովորական քաղաքացիներին, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը։
Իր խոսքով՝ թեև իշխանությանը հաջողվել է ստեղծել իր «սրտի ՍԴ-ն», Սահմանադրական դատարանը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և չեղարկել կեղծված ընտրությունները: Նա հավելել է, որ 100 հազար քաղաքացու ձայն անհասկանալի կերպով հարցեր է առաջացրել, շուրջ 60 հազար քաղաքացու ձայն անտեսվել է և փորձ է արվում նրանց դուրս մղել Ազգային ժողովից, ինչը չի կարող անարձագանք մնալ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց ընթանում է բողոքի ակցիա, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ականները և «Հայաքվե» նախաձեռնության անդամները։ Այսօր ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։