Մենք հանդես կգանք հայտարարությամբ դա լինելու է մարդկանց աչքի առաջ թափանցիկ, այդտեղ պահելու բան չկա. Կարապետյան
Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերջնական նախանշված ճանապարհ դեռևս չկա:
Նրա փոխանցմամբ՝ ընտրություններին հաջորդող առաջին օրերին թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները, սակայն հետագայում քննարկվել են մի քանի ճանապարհներ: Կարապետյանը նշել է, որ վերջնական քայլերի պլանավորման և Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում իրենք հանդես կգան թափանցիկ հայտարարությամբ:
Անդրադառնալով քաղաքացիների հետ ունեցած փակ, ինտենսիվ հանդիպմանը՝ բանախոսը հայտնել է, որ ներկաների շրջանում եղել են երկու բևեռային կարծիքներ: Մի մասը գտնում էր, որ քայլերը պետք է իրականացնել օրենսդիրի միջոցով: Ըստ նրա՝ բոլորի նպատակը մեկն է՝ իշխանության փոփոխությունը և ընտրակեղծիքներով վերարտադրվել ցանկացող իշխանությանը այդ հնարավորությունից զրկելը, իսկ քննարկումները եղել են գործիքակազմերի տարբերության շուրջ:
Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքականության մեջ նոր լինելով՝ իրենք ցանկանում են գտնել մեծամասնությանը բավարարող լուծում, որը երկրում մեծ փոփոխությունների կբերի: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել բոլոր ցանկացողների հետ՝ նշելով, որ չեն ուզում որոշումներ կայացնել փակ դռների հետևում:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Կարապետյանը հայտնել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ սպասվող հանդիպման մասին՝ հետագա ռազմավարությունը քննարկելու նպատակով: Նա նշել է, որ հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է, ինչի պատճառով իշխանությունը, չունենալով մեծամասնության ձայնը (50% մինուս ձայն կամ 49%), փորձում է վերարտադրվել:
Անդրադառնալով իրավական մեխանիզմներին՝ նա հավելել է, որ եթե Սահմանադրական դատարանը գտնվի օրենքի ու իրավունքի գերակայության տրամաբանության մեջ, իրենք հնարավորություն կունենան իշխանության դեմ կիրառել երեկ հինգերորդի սահմանափակումը, ինչը խիստ կնվազեցնի իշխանության հնարավորությունները: Կարապետյանը նաև հայտարարել է, որ փորձ է արվում իզոլացնել ցուցակի գրեթե բոլոր անդամներին և տասնյակ քաղաքական առաջնորդների: