
Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. այդ թվում՝ Հայաստան

Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով: Այս պահին ակտիվորեն քննարկում է տարհանման տարբերակները։ Հայաստանը ևս տարհանման հնարավոր ուղիների ցանկում է։ Այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։
Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:
Հիշեցնենք՝ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։