Հնդկաստանի ՊՆ-ն մեղադրել է Պակիստանին թուրքական ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Պակիստանին թուրքական ԱԹՍ–ներ օգտագործելու մեջ:Այս մասին հայտնում է «India Today»-ը։


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հնդկաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից 36 ռազմական և քաղաքացիական օբյեկտներ թիրախավորած՝ Պակիստանի անօդաչուների խոշոր հարձակումը հաջողությամբ կանխելուց մի քանի ժամ անց իշխանությունները հաստատեցին, որ անօդաչուները, հավանաբար, թուրքական Asisguard Songar զինված ԱԹՍ-ներ էին։


«Մենք խոցեցինք այդ անօդաչուները` օգտագործելով ինչպես կինետիկ, այնպես էլ ոչ կինետիկ միջոցներ։ Հավանական նպատակը մեր ՀՕՊ համակարգերի ստուգումն ու հետախուզական տվյալներ հավաքելն էր։ Այժմ անօդաչուների բեկորների փորձաքննություն է իրականացվում։ Նախնական զեկույցները ցույց են տալիս, որ անօդաչուները թուրքական արտադրության Asisguard Songar մոդելներ են», - ասել է գնդապետ Սոֆիա Քուրեշին։


Նա հայտնել է, որ հնդկական ՀՕՊ–ն արագ է արձագանքել՝ խոցելով այդ անօդաչուների մեծ մասը, նախքան դրանք կհասցնեին զգալի վնաս հասցնել։ Նախօրեին Հնդկաստանի պաշտպանության միացյալ շտաբից հայտնել էին, որ Ջամմու և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմաբազաները հարձակման են ենթարկվել Պակիստանի կողմից։


Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։


Միևնույն ժամանակ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը Պակիստանում հինգ բնակավայրերի է հարվածել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իսլամաբադը համարժեք պատասխան տալու իրավունք է իրեն վերապահում։


Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։