Քիչա մնում գան մեր մեջքին էլ շենք կառուցեն. Թունյան

Դավթաշենի խոշոր բնակելի համալիրի կառուցապատողից տուժած քաղաքացիները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել։ Նրանք փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ պահանջելով պետական մարմինների ուշադրությունը։


6 մասնաշենքից կազմված ու ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատող N&S Construction-ը քաղաքապետարանի կողմից շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է: Բնակիչները կառուցապատողի սնանկությունից հետո սեփականության վկայականներ չեն կարողանում ստանալ։


Քաղաքացիական խմբակցության  պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս կառուցապատողից տուժածների թվում է։ Թեև նա բողոքող քաղաքացիներին չմիացավ՝ ճանապարհ փակելու, բայց համաձայնեց՝ պետք է կառավարության կողմից էլ ճնշում լինի։


«Ես էսքան ժամանակ չեմ խառնվել, որովհետև կարող է մտածեին որպես պատգամավոր իմ անձնական շահերն եմ ուզում լուծել։ Հիմա կառուցապատողի կողմից զանգել են, ասել են՝ կարող եք երեքշաբթի գալ փոխանցման ակտ ստորագրելու։ Ասել եմ՝ մի հատ փոխանցման ակտն ուղարկեք։ Ուղարկել են, ինչը սաղիս մոտ կա, տեսել եմ մեջը հիմար պայմաններ են գրված։ Ասել եմ՝ ձեր կառուցապատողին, սեփականատիրոջը փոխանցեք, որ այս փոխանցման ակտը ոչ միայն ես չեմ ստորագրելու, այլև ներկա բնակիչներից որևէ մեկը չի ստորագրելու, որովհետև չի կարելի այդ միջոցով մարդկանց պայմաններ թելադրել, ոչ էս շենքի հետ ենք համաձայն, էտ որ գրել են՝ անկախ տեսանելիությունից քիչ ա մնում գան մեր մեջքին էլ շենք կառուցեն։ Ես ո՛չ իրանց ասածների հետ եմ համաձայն, ո՛չ էլ իրենք իրենց ասածներն արել են, ինձ ինչ մակետ ցույց են տվել առնելու ժամանակ, էտ էլ պետքա անեն»,-ասաց պատգամավորը։


Նա պնդեց, որ ինչ խոստացել են, պետք է անեն. «Պետք է կառավարության կողմից էլ ճնշում լինի»։