Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է ՀՀ պատմությունն ու Արցախյան հակամարտությունը

Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել ՀՀ պատմությանը և Արցախի հակամարտությանը։


Վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ 


ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵԱՀԿ խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը, Րաբբի Ավիդան Ֆրիդմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, պատմաբան Կլեր Մուրադյանը, լրագրող Տիգրան Եղավյանը և քաղաքագետ Կայծ Մինասյանը։ 


«Հայաստան, լեռնային տարածք՝ Կովկասի սրտում։ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ մեր թվարկության 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն»,-այս տողերով հեղինակը սկսել է ֆիլմը:


Այն պատմում է նաև Արցախի հակամարտության պատմության մասին, այն մասին, թե ինչպես է երկրամասը հայտնվել Ադրբեջանի կազմում։


Ֆիլմում մանրամասն ներկայացված է, որ 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանը ռազմական գործողությունների, էթնիկ զտումների ու զենքի սպառնալիքների միջոցով տեղաբնիկ ժողովրդին՝ հազարամյակներով իրենց հայրենի Արցախում ապրած հայ ժողովրդին, ստիպել է հեռանալ հայրենի բնօրրանից։ 


Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեցած անձինք ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակութային հզոր ժառանգությունը տարածաշրջանում և դարերի ընթացքում Հարավային Կովկասում մղած պայքարը։ 


«Հայաստանը պարտվել է պատերազմում, և Ադրբեջանի հետ խաղաղություն չի երևում, ուստի պետք է վերանայի իր պաշտպանությունը: Ռուսները դավաճանել են նրանց։ Ամերիկան հույսը դնում է Թուրքիայի վրա, իսկ Եվրոպան օգտագործում է Բաքվի գազը»,- նշել է ֆիլմի հեղինակը։ 


Նա նաև նշել է Ֆրանսիայից Հայաստանի զենքի գնումները։