
ԿԳՄՍ-ի պարզաբանումը Գառնիում քայքայվող հուշարձանների վերաբերյալ

Գառնիում քայքայվում են 3-րդ դարի հուշարձանները՝ Արքունի բաղնիքը և Խճանկարը: ՖԲ հայկական հարթակում ահազանգը հնչեցրել էր բլոգեր Էդուարդ Հայրումյանը: Անձրևաջրերը լցվում են ներս ու վնասում խճանկարը։ Բաղնիքի ներսի երբեմնի լուսավորությունն այլևս անցյալում է, իսկ մուտքում քեզ դիմավորում է 2000-ականների «վետեռոկներից» մեկից բերված մի աթոռ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Auroranews»-ը կապ էր հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ: Հաջողվեց զրուցել նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հետ, նշելով որ շուրջ երեք տարի է այս հարցը չի լուծվում: «Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է և ընթացքի մեջ է:
Իտալական կողմի հետ, քանի որ այստեղ նախագիծն արվել է իտալացի վերականգնող, ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից, կազմվել է Գառնիի բաղնիքի արժեւորման և վերականգնման նախագիծ, որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաեւ ծածկի փոխարինում, արդի ճարտարապետական լուծումներով: Հաշվի առնելով, որ իտալական կողմից էր նախագիծն արվել, իտալական մեթոդաբանությամբ, և դեռևս 2023թ-ին Իտալիայի մշակույթի նախարարի այցից հետո, բանակցություններ էին տարվում հենց իտալացի լավագույն մասնագետների ներգրավմամբ, որոնք ունեն լավագույն փորձ: Բանակցությունները դրական արդյունք են տվել: Իտալացի մասնագետները չափագրման աշխատանքներ են իրականացրել, այս տարի եւս ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է իտալացի մասնագետների այցը՝ նմուշառության և հետազոտական աշխատանքների շարունակելու համար: Ծրագիրը հաստատված է, և իրականացվում է Իտալիայի դեսպանության միջնորդությամբ՝ Իտալիայի մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշխատանքները կիրականացվեն 2025-2026թթ-ին»:
Հարցին, որ շարունակ չափագրելով, գնալ գալով ոչինչ չի փոխվում, հուշարձանը շարունակում է քայքայվել, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասում է, որ 2025թ-ի վերականգնման աշխատանքները հստակ կսկսվեն: Թե որ ամսին, հստակ չի կարող նշել, քանի որ կախված է լինելու մի քանի հանգամանքներից, որոնք պարզ կդառնան հետազոտության արդյունքում:
«Հաշվի առնելով, որ Հայաստանում այս ոլորտի նեղ մասնագետների թիվը շատ չէ և հենց իտալացի մասնագետների կողմից է կազմվել նախագիծը, տրամաբանական շարունակությամբ՝ ցանկություն կա լավագույն փորձով իրականացնել վերականգնումը»:
Հիշեցնենք, որ Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կայքից տեղեկանում ենք, որ մուտքի արժեքը 1500 դրամ է: Բացի այդ, կլորիկ եկամուտ են ապահովում առանձին միջոցառումները, օրինակ հարսանիքները, կամ ինչ որ ընկերությունների կոմերցիոն միջոցառումները: Եւ այս գումարներից այդպես էլ անհարժեշտ միջոցներ չեն գտնվում Գառնիի 3-րդ դարի Արքունի բաղնիքը և Խճանկար հուշարձանները պահպանելու համար: Հուսանք, որ իտալացի մասնագետների գալուց հետո, սայլը տեղից կշարժվի և ամոթալի նման լուսանկարներ չեն հայտնվի սոցկայքերում: