Զորակոչիկների տարկետման պայմանները խստացվելու են
Զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման տրամադրման կարգը վերանայվել է։ Պարտադիր զինծառայության զորակոչված անձը оրենքով սահմանված հիվանդությունների հայտնաբերման դեպքում մեկ տարվա տարկետման իրավունք կունենա` առանց երկարաձգման հնարավորության, ծանր հիվանդությունների դեպքում` մինչև 3 տարվա։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Տարկետման ժամկետը սահմանվում է մեկ կամ երեք տարի՝ կախված հիվանդության տեսակներից և բժշկական եզրակացությունից։ Եթե տարկետման ընթացքում պարզվի, որ հիվանդությունը չի զարգացել կամ բուժումը հնարավոր է եղել վիրահատական միջամտությամբ, զորակոչիկը կարող է զորակոչվել՝ հաշվի առնելով ծառայության սահմանափակումները»,- ասել է նախարարը:
Պապիկյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում անձը կառավարության հաշվին կբուժվի և, առողջության վատթարացում չարձանագրելուց դեպքում, նա սահմանափակումով կզորակոչվի, կճանաչվի պիտանի ու կանցնի լիարժեք ծառայության։
«Խոսքը ոչ ակներև հիվանդությունների մասին է. օրենքով սահմանված հիվանդությունների տեսակներ կան, որոնց դեպքում տարկետումը կլինի 1 կամ 3 տարով։ Ցավոք, հանրության մեջ չկա այդ շահագրգռվածությունը` բժշկական միջամտություն անելով առողջությունը վերականգնել։ Արդյունքում, մինչ օրս նման անձինք կարողացել են մեկ տարվա տարկետումը էլի ու էլի երկարաձգել։ Այս կարգը դարձել էր պարտադիր զինծառայությունից խուսափելու մի սողանցք»,– ասել է նախարարը։
Անդրադառնալով լեղապարկի վիրահատությանը` Պապիկյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է նման խնդիրներ։
«Հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են շատ արագ ու առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում, ապա այս դեպքում սահմանափակումով ծառայելու հնարավորություն կընձեռվի»,– հավելել է Պապիկյանը։
Ըստ Նախարարի` այս որոշման արդյունքում շատ սպաներ հնարավորություն կունենան ծառայությունը շարունակելու և հետագայում ատեստավորվելու։
«Այս մոտեցումը միտված է զորակոչի համակարգի արդարացմանը և ծառայության համար պիտանի անձանց ընդգրկմանը՝ պահպանելով առողջության պահպանման սկզբունքները»,- նշել է Սուրեն Պապիկյանը։